ՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պատրաստվում են տեսակցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին, որը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ)։
Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Ավելի վաղ փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։
ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ-ում են։
«Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ` պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` մարտի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։