Խաթարվում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջպետական հաղորդակցությունը. հարցազրույց Վարդան Ոսկանյանի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏարածաշրջանում սահմանների փոփոխություն չենք հանդուրժի։ Սա Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունն է, որը բազմիցս կրկնել են՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Ներկայումս, Տավուշի մարզի 4 գյուղ թշնամուն հանձնելը, փաստացի սահմանների փոփոխություն է ենթադրում։ Ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս և այլ հարցեր 1or.am-ը ուղղել է իրանագետ Վարդան Ոսկանյանին։
Պարո՛ն Ոսկանյան, փաստացի սահմանային փոփոխությամբ վտանգվում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջպետական նշանակության ճանապարհը։ Ի՞նչ քայլեր սպասել Իրանից։
Թվում է, թե Տավուշի հատվածն է և Իրանի հետ սահմանից շատ հեռու, սակայն այստեղ գործ ունենք, ոչ միայն գյուղերի, բնակավայրերի, գյուղատեղիների հետ, այլ՝ եթե դրանք անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, ապա խաթարվում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջպետական հաղորդակցությունը։ Այո՛, այդ տարածքը չի կարող կարևոր չլինել Իրանի համար։ Խնդիրն այն է, որ իրանական հայտարարությունները Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ արվել են ամենաբարձր մակարդակով, բայց, եթե Հայաստանի կողմից հայտարարվում են, որ դրանք Հայաստանի մաս չեն, ապա իրանցիները չեն կարող լինել ավելի հայամետ, քան մենք պետք է լինենք։
Եթե սահմանների փոփոխությունը հանդուրժում է ՀՀ իշխանությունը, ապա կարելի է սպասել Հայաստան-Իրան գործընկերային հարաբերությունների վատթարացման։
Մենք պետք է մեր դիրքորոշումները շատ հստակ արձանագրենք, որ մեր դաշնակիցները կամ հնարավոր դաշնակիցները հասկանան թե ինչպես կարող են աջակցել։ Եթե մենք ինքներս ենք հրաժարվում, ապա դժվար է պատկերացնել, որ նույնիսկ ամենաբարեկամական երկիրը մեր փոխարեն մեր շահերը կպաշտպանի։ Մենք պետք է հստակ արձանագրենք, որ կոնկրետ Ոսկեպարի շրջանում ՀՀ-ն ունի կենսական շահեր և դրանք առնչվում են թե՛ մեր բնակչության անվտանգությանը, թե՛ միջպետական ճանապարհին, ինչպես նաև՝ գազատարի հետ։
Դեմարկացիան և Դելիմիտացիան հստակ իրավակարգ պահանջող գործընթաց է, եթե ՀՀ իշխանությունը դա անում է հայտարարությունների և ինչ-որ անորոշ քարտեզների հիման վրա, սա գործընկերային հարաբերությունները չի անլրջացնո՞ւմ։
Տարօրինակ է, որ դեռևս դեմարկացիա և դելիմիտացիա չի եղել, բայց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմակերպությանն են պատրաստվում փոխանցել ինչ-որ տարածքներ։ Դա և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական, և՛ իրավական (սահմանագծում, սահմանազատում) հարթություններում կոպտագույն սխալ է։ Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է Հայաստանից ուժի սպառնալիքով պոկել հնարավորինս շատ տարածքներ։