Վանդալիզմ. կոտրել են Մոնտեվիդեոյի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հարևանությամբ գտնվող հայ նահատակների հուշարձանը
ՄՇԱԿՈՒՅԹՈւրուգվայի հայոց թեմի կենտրոնական վարչական խորհուրդը տեղեկացնում է, որ վանդալիզմի են ենթարկել Ուրուգվայի հայոց թեմի կենտրոնական վարչական հաստատության շենքի հարևանությամբ գտնվող 1915-23 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի «Նահատակաց հուշարձանը» և խաչքարը:
Հուշարձանից կոտրել և հանել են 53 բրոնզե տառերը՝ վնասելով նկարիչ Ներսես Օունանյանի քանդակը շրջանակող բետոնե պատը, և փորել են խաչքարի մոտ 10 սմ երկարությամբ հատված, վնասել խաչի տակ գտնվող փորագրված զարդանախշերը:
Թեմի կենտրոնական վարչական խորհուրդը համապատասխան հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և գործի է դրել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները մեղավորներին հայտնաբերելու համար, միաժամանակ սկսել է վնասը վերացնելու համար անհրաժեշտ վերանորոգման պլանավորումը։
«Մենք ուշադրությամբ ենք վերաբերվում ընթացող ոստիկանական հետաքննությանը՝ պարզելու մեր հարյուրամյա համայնքի համար բացարձակապես անտիպ այս իրադարձության դրդապատճառները: Մեր կոչն է ավելի համերաշխությամբ և աջակցությամբ արձագանքել այս փաստին, արցախցի մեր փախստական եղբայրներին և մեզ անդամալույծ անելու արտոնություն չտալ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով հարձակվել են մեր ինքնության և հավատքի խորհրդանիշների վրա։ Եկեք շարունակենք աշխատել նրանց համար, ովքեր մեր կարիքն ունեն այս պահին»,-ասված է Ուրուգվայի հայոց թեմի կենտրոնական վարչական խորհրդի հայտարարության մեջ: