Ռուբեն Վարդանյանի ակնարկը և հերոսի պատմությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ սոցիալական ցանցերի իր էջերում մի ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որը նաև ակնարկ է այսօրվա իրավիճակին։
Տեսանյութում Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն էր 1992 թվականին Արցախի Մարտունու շրջանում, որտեղ ստուգում է գումարտակին հատկացված վառելիքի ծախսը և նախատում դրա պատասխանատուին, որ մի քանի հարյուր լիտր բենզին յուրացվել է, և տարեց պատասխանատուն գլուխը կախ համաձայնվում է Մոնթեի բոլոր բերած փաստարկների հետ։
Մեր օրերում, երբ Արցախը ՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ անցել է ոչ միայն վառելիքի այլ նաև այլ անհրաժեշտ իրերի սուր տնտեսման քաղաքականության, պետնախարարի այս ակնարկն ավելի քան հասկանալի է։
Ըստ էության նա գրեթե Արցախի ողջ իշխանական համակարգին, պատասխանատուներին իր այս տեսանյութով բացատրում է, որ շուտով ինքն էլ անցնելու է նման մեթոդների։ Իհարկե, ստուգման ձևերն այժմ փոխվել են, ստուգման հնարավորություններն ավելի մեծացել են, ռեսուրսների ծավալները, ստացված վառելիքը և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներն ավելի շատ են, ստուգումն էլ համապատասխանաբար ավելի մեծ է, բայց պետնախարարը բազմիցս է արձանագրել, որ կան բացասական երևույթներ, որոնք լուրջ ազդեցություն են ունենում Արցախի հետագա կենսագործունեության վրա։
Մի քանի անգամ նա զգուշացրել է տարբեր պատասխանատուների, որ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, ընդ որում նրանք ովքեր ավելի մեծ հնարավորություններ ունեն ավելի մեծ ուշադրության են արժանանալու, իսկ որևէ բացասական բան գտնելու դեպքում ավելի խիստ պատժի են արժանանալու։
Ըստ էության, թե՛ այս տեսանյութով, թե՛ իր կառավարման մոդելով Ռուբեն Վարդանյանը պարզ և հստակ հասկացնում է, որ թույլ չի տալու որևէ կերպ Արցախի ռեսուրսների յուրացում։ Թերևս դա է պատճառը, որ որոշ շրջանակներ փորձում են ամեն ինչ անել Արցախի պետնախարարի աշխատանքը վատ լույսի ներքո ցույց տալու համար։
Վարդան Մատինյան