Նկարահանումներ են կատարվում Ալեքսինում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆGazeta-efremov.ru-ն գրում է, որ սցենարիստ և ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի թիմը Ալեքսինի վայրերը վերածել է նկարահանման հրապարակի։ Այնտեղ նկարահանվում է Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ֆիլմը, որը կոչվում է «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը»։
Ֆիլմի սյուժեն հիմնված է տարեց հայ Յաշա Մալայանի պատմության վրա, ով ամբողջ կյանքում աշխատել է աղբահանության ընկերությունում։ Բայց երիտասարդ տարիներին այդ մարդուն բախտ է վիճակվել դառնալ ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակ, զրուցել Բրեժնևի հետ, և անգամ սեղմել նրա ձեռքը։ Եվ այդ հանդիպումն այնպիսի խորը հետք թողել նրա հոգում, որ արդեն տարեց Յաշան ամենուր տեսնում է և՛ գլխավոր քարտուղարին, և՛ բոլոր նախկին կոմունիստ առաջնորդներին՝ Չե Գևարայից ու Ֆիդել Կաստրոյից սկսած մինչև Չաուշեսկու զույգն ու Էրիխ Հոնեկերը։ Ռեժիսորի խոսքով «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը շոշափում է իրականությունից փախչելու թեման։
Ֆիլմի ստեղծողների պատմելով դերերը խաղում են հայ և ռուս ճանաչված դերասանները։ Բացի այդ, հանդիսատեսը կտեսնի նաև փոքր դերեր ստացած Ալեքսինի բնակիչներին։ Այսպես օրինակ ֆիլմում տեղի բնակիչ Նիկոլայ Աբրամովը խաղացել է Ռումինիայի ֆինանսների նախարարի դերը։ Էդգար Բաղդասարյանի խոսքով Ալեքսինում աշխատելն անհավանական հեշտ է: Ռեժիսորը հույս ունի, որ ֆիլմն անպայման կցուցադրվի Ալեքսինում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am