Ծանոթ ու միարժամանակ անհայտ…լրագիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼրագիրը պարբերական տպագիր հրատարակություն է, որը լույս է տեսնում մշտապես միևնույն անվանումով և որոշակի պարբերականությամբ, օրինակ օրաթերթ, շաբաթաթերթ, ամսագիր: Ուսումնասիրողները լրագրի նախատիպ են համարում նորությունների հնագույն ձեռագիր ամփոփագրերը: Մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում Հին Հռոմում եղել են նման ամփոփոգրեր: Հռոմեական այդ լրագրերն իրենցից ներկայացրել են կավե կամ փայտե տախտակներ, որոնց վրա գրի է առնվել դեպքերի, իրադարձությունների ժամանակագրությունը: Սկզբնապես այդ ամփոփոգրեր եղել են ոչ պաշտոնական սակայն Հուլիոս Կեսարը հրամայել է, որ «լրագրերը» հրապարակվեն և ներկայացնեն պետական մաշտաբի իրադարձությունները: Արդյունքում նրա ժամանակ հրատարակել են «Սենատի գործերը», իսկ այնուհետև՝ «Ժողովրդի ամենօրյա հասարակական գործերը» անվանումներով ամփոփոգրեր:
Ըստ տեղեկությունների մեր թվականության 911 թվականից Չինաստանում սկսել է լույս տեսնել «Ցզին Բաո»-ն («Մայրաքաղաքային լրաբեր»-ը): 16-րդ դարի Եվրոպայում լրագրերը սկսել են ձեռք բերել ներկայումս մեզ ծանոթ իրենց տեսքը: Հենց այդ ժամանակներից էլ դրանք անվանվել են «գազետա» բառով: Եվրոպական մի շարք լեզուներում լրագիր իմաստով գործածվող «գազետա» բառը ծագել է իտալական «գասետա» մանրադրամի անվանումից: Բանն այն է, որ 16-րդ դարի Վենետիքում պալատական կյանքի նորություններ, երկրում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցած իրադարձություններ, տվյալ քաղաքում և նրա մերձակայքում տեղի ունեցած դեպքերի մասին լուրեր և առևտրական տեղեկատվություն պարունակող այդ ձեռագիր թերթերի ընթերցման համար վճարվել է մեկ «գասետա»: Ի դեպ հենց Վենետիքում էլ ստեղծվել են տեղեկատվություններ հավաքող հատուկ կենտրոններ (ներկայիս լրատվական գործակալություններ) և մարդիկ որոնք զբաղվում են դրանով (ներկայիս լրագրողներ): Լրագրերի մասսայականացման հզոր ազդակ է հանդիսացել տպագրության գյուտը: Սա առաջին հերթին բերել է լրագրի գնի անկման, քանի որ ի սկզբանե դրանք եղել են ձեռագիր: Իսկ սկսած 1657 թվականից լրագրերը սկվել են օգտագործվել նաև գովազդային նպատակներով: 18-րդ դարում շնորհիվ անգլիացի գրող և հրապարակախոս Դանիել Դեֆոյի, որը սկսել էր հրատարակել «Պետական գործերի լրահոս» օրաթերթը ծնվել է այնպիսի հասկացություն ինչպիսին է «քաղաքական լրագրություն»: Սկսած 19-րդ դարի սկզբներից Եվրոպայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բազմաթիվ քաղաքներում սկսել են լրագրեր հրատարակվել:
Առաջին ռուսական տպագիր լրագիրը հրատարակվել է Պետրոս Մեծի ժամանակ 1702 թվականին «Ведомости» անվան տակ: Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-1796 թվականներին Հարություն Շմավոնյանի կողմից հրատարակել է առաջին հայերեն պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը։ Այնուհետ հայալեզու թերթեր լույս են տեսել աշխարհի տարբեր ծայրերում` դառնալով հայ ժողովրդի գոյության տարեգիրը` պահպանելով մեր ինքնությունը և մոռացումից փրկելով ազգային կյանքի բազում հիշարժան իրադարձությունները: 1794 թվականից ի վեր Հայաստանում և Սփյուռքում լույս է տեսել 4000-ից ավելի պարբերական:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը