Հայաստանում կառուցվում է միջազգային չափանիշներով առաջին աղբավայրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMir24.tv-ն գրում է, որ Հայաստանում կառուցվում է միջազգային սանիտարական չափանիշներով առաջին աղբավայրը: Դրա շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույն է, աղբավայրը չի ընդարձակվի, գարշահոտություն չի արձակի և չի գրավի թափառող շներին ու թռչուններին։ Ներկայիս Հրազդանի աղբավայրից մի քանի մետր հեռավորության վրա ժամանակակից աղբավայր է կառուցվում։ Տարածքը գրեթե ամբողջությամբ պարսպապատվել է, շուտով այն կհամալրվի տեսանկարահանող սարքերով և անվտանգության աշխատակիցների պահակակետով։ Նաև ճանապարհ են կառուցել, ջրի բաք տեղադրել, նոր ենթակայան ստեղծել։ Տնտեսական և վարչական հատվածի շինարարությունը գրեթե ավարտված է։
Աղբատար մեքենաները բեռնաթափումից առաջ կշռվելու են հատուկ էլեկտրոնային կշեռքի վրա։ Վերադարձին դրանք կմաքրվեն ավտոլվացման կետում, կսպասարկվեն ավտոտեխսպասարկման կետում։ Իսկ վարորդների և աղբավայրի աշխատողների համար կստեղծվի հանգստի սենյակ, ճաշասենյակ և ցնցուղարան։
Աղբավայրում կան թափոնների պահեստավորման մի քանի տեղամասեր: Յուրաքանչյուր բեռնաթափումից հետո նախատեսվում է աղբը ծածկել հողաշերտով, իսկ երբ այն բավականաչափ կուտակվի, այն կնստեցվի բուլդոզերով և կծածկվի կավով։ Աղբը չի այրվի, ուստի ծխի ու գարշահոտի հոտերը բացառված են, այդտեղ ոչինչ չի գրավի անտուն շներին։ Բայց գլխավորն այն է, որ աղբավայրը չի ընդարձակվի։ Աղբավայրի կյանքը ակնկալվում է 25 տարի։
«Աշխատանքների գրեթե 60 տոկոսն արդեն ավարտված է։ Մնում է վարչական շենքում ինչ որ բան ավարտին հասցնել ու աղբահանության տարածքներ ստեղծել։ Դրանք կծածկվեն եռաշերտ գեոմեմբրանով, որը ցելոֆանապատ ծածկույթ է՝ ծածկված քարերով, իսկ վերևում՝ կավի շերտով։ Դա կպաշտպանի հողը կեղտաջրերից»,- ասել է շինարարական աշխատանքների պատասխանատու Գուրգեն Սողոմոնյանը։
Աղբն այստեղ կբերեն սեղմված տեսքով։ Թափոնները նախատեսվում է ստանալ միանգամից երկու մարզից՝ Կոտայքից և Գեղարքունիքից։
«Այժմ այնտեղ կառուցվում են թափոնների տեղափոխման կայաններ, որտեղ թափոնները վերածելու են սեղմված խոշոր բրիկետների և բերելու այստեղ։ Այս նոր աղբավայրում հավաքվելու են նաև թունավոր թափոնները, ինչի համար կառուցվում է առանձին պահեստ՝ հատուկ պահեստային տարաներով»,- ասել է տեխնիկական հսկողության պատասխանատու Արմեն Խաչմանյանը։
Շինարարական աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին։ Նոր աղբավայրի շահագործման հանձնելուց հետո հին աղբավայրը, որը գտնվում է մոտակայքում, կփակվի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը