ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությունը պետք է շատ արագ արձագանքի տեխնոլոգիական ոլորտի մարտահրավերներին. Հայկ Չոբանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից եկած մասնագիտական ներուժը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մասնագիտական ներհոսքը Հայաստան ընդգծեց մի շարք ուղղություններով բացերը, խնդիրները, որին պետք է  պետությունը շատ արագ արձագանքի: Նրա խոսքով՝ բոլոր պայմաններն ու հնարավորությունները պետք է ստեղծվեն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին Հայաստանում երկարաժամկետ պահելու համար:

-Պարոն Չոբանյան, օրերս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 21-րդ համագումարին ամփոփվեցին տարբեր ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները: Հաշվի առնելով ունեցած ձեռքբերումները, մարտահրավերները` ասեք խնդրեմ, առաջիկայում որո՞նք են լինելու միության առաջնահերթությունները:

-Անցած մեկ տարին ոլորտի համար հետաքրքիր ռազմավարական շրջան է եղել՝ հաշվի առնելով 2020 թվականի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Ձևավորվեց միության նոր ռազմավարությունը, նախանշվեցին այնպիսի ուղղություններ, որոնք կարող են Հայաստանին օր առաջ ոտքի կանգնեցնել: Առաջին ուղղությունը մնաց կրթությունը և աշխատուժի բացահայտումը: Դա է պատճառը, որ միության ամենածավալուն ու մեծ ծրագրերն ուղղված են կրթության ոլորտին: 2012 թվականից սկսած մենք մտանք դպրոցներ, ստեղծեցինք ինժեներական լաբորատորիաներ: Արդեն մեր կրթական ծրագրերի երիտասարդները մտնում են աշխատաշուկա կամ որոշում են իրենց ապագան կապել գիտահետազոտական գործունեության հետ: Այս արժեշղթայի մեջ հիմնական բազան «Արմաթ» կրթական լաբորատորիաներն են, որոնց թիվն ավելի քան 600 է, և այդտեղ սովորում է շուրջ 18 հազար աշակերտ: Նրանց մեծ մասն անմիջապես մտնում է ոլորտային ընկերություններում աշխատելու, իսկ 10-12 տոկոսն էլ ստեղծում են իրենց ընկերությունները:

Հաջորդ ռազմավարական ուղղությունն անվտանգությունն է, որն իր հերթին ներառում է մի քանի ուղղություններ: Առաջինը ռազմարդյունաբերությունն է: Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման համար չափազանց կարևոր է դիտարկել հետևյալ հանգամանքները: Ռազմարդյունաբերությունն արդյունաբերության մի ճյուղ է և չի կարող այն զարգանալ, եթե երկրում չկա ընդհանուր արդյունաբերության զարգացում: Տվյալ դեպքում մենք խոսում ենք ոչ միայն ինժեներական լուծումներից, այլև արտադրական կարողություններից, որը նշանակում է բաձր տեխնոլոգիական արտադրության զարգացում կամ ավելի ճիշտ վերականգնում: Ռազմական արդյունաբերությունը սպասարկելու արտադրական կարողություններ գրեթե չունենք: Այս առումով առաջնահերթ է այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծելը:

Հաջորդը ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համախմբումն է, կարողությունները զարգացնելը, նրանց կողմից մշակվող լուծումները, պրոդուկտներն առաջ մղելը, նրանց միջև համագոյակցություն ստեղծելը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ստեղծվեց այդպիսի հարթակ, որի շուրջ համախմբում էինք այն ընկերություններին, որոնք աշխատում էին այս ուղղությամբ: Այսօր կառավարության հետ համագործակցությամբ պետք է նոր վերագործարկում կատարենք այս ուղղությամբ, որպեսզի մի քանի տարի հետո ուրիշ համակարգ ունենանք ու ներդնենք նոր մեխանիզմներ ռազմարդյունաբերության ֆինանսավորման համար:

Հաջորդ ուղղությունը գիտության զարգացումն է, էլեկտրոնային կառավարման կամ թվայնացման ծրագրերն են: Վերջին 10 տարիներին էական փոփոխություններ տեղի չեն ունեցել այս առումով, այստեղ ևս վերագործարկման կարիք կա: Վերջին ուղղությունը Հայաստանի դիրքավորումն է միջազգային տեխնոլոգիական ոլորտում, բրենդինգն է բարձր տեխնոլոգիական ոլորտի առումով: Մենք հիմա զբաղված ենք այդ հարցերով: 

-Ինչպես միության համագումարին նախարարն էր ընդգծել, նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառումը տնտեսության բոլոր ուղղություններում այսօր արդեն կենսական պահանջ է: Ձեր դիտարկմամբ, որքանո՞վ ենք այդ ուղղությամբ հաջողում: Ո՞ր ոլորտներում ունենք հաջողություններ, միգուցե բանկային, ֆինանսական ոլորտը:

-Դա կարևոր դիտարկում է: Իհարկե, ոլորտներ կան, որտեղ ավելի կրիտիկական է տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես, օրինակ, առողջապահությունը, ծառայությունները: Կան ոլորտներ, որտեղ դեռ թույլ է տեխնոլոգիաների կիրառումը, օրինակ, գյուղատնտեսությունը, բայց մենք գիտենք, որ տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը այդ ոլորտի հնարավորությունների բազմապատկման ամենալուրջ գործիքակազմն է: Այս առումով մեզ համար ևս մարտահրավեր կա:

Այո, ճիշտ նշեցիք, որ բանկային ոլորտը, գուցե, թվային տեխնոլոգիաների կիրառման առումով առաջադեմ ուղղություններից է, բայց վերջին շրջանում նույն ռուսական ընկերությունների մուտքից հետո, երբ մեծ քանակով ռուսաստանցիներ եկան Հայաստան, որոշ խնդիրներ ընդգծվեցին: Շատ են բողոքում մեր բանկային ծառայություններից: Մենք հասկացանք, որ բավական հետ ենք այս առումով և մեծ աշխատանք ունենք անելու: Երկար տարիներ աշխատել եմ թվայնացման ոլորտում, իսկապես համարում եմ, որ վերջին տասնամյակի ընթացքում գրեթե տեղաշարժեր չեն եղել այդ ուղղությամբ: 2008-2012 թվականը թվայնացման գործընթացի ամենաբուռն ժամանակաշրջանն է եղել Հայաստանում ու հիմա պետք է այդ տեմպը վերականգնենք: Հայաստանում այս առումով հնարավորությունները շատ ավելի մեծ են առկա բարձր տեխնոլոգիական ոլորտի շնորհիվ: Եթե կան երկրներ, որոնց այլընտրանքը միայն արտերկրից տարբեր լուծումներ ներմուծելն է, ապա Հայաստանի պարագայում այդ գործիքները, ավտոմատացումները կարող են կատարվել տեղական ընկերությունների ջանքերի շնորհիվ:

- Խոսեցինք մարտահրավերներից: Անդրադառնանք ռուս-ուկրաինական իրադարձություններով պայմանավորված զարգացումներին: Ինչպես գիտենք Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից շատ ընկերություններ, մասնագետներ տեղափոխվում են այլ երկրներ: Ձեր ունեցած վերջին տեղեկություններով, ինչպիսի՞ պատկեր ունենք Հայաստան տեղափոխվող ՏՏ ընկերությունների ու մասնագետների վերաբերյալ: Ինչ խնդիրներ վերհանվեցին:

-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռելոկացիան նորություն չէ: Այս ոլորտն անընդհատ գտնվում է տեղաշարժվելու իրավիճակում՝ դեպի ավելի զարգացած, ավելի ոչ ռիսկային շուկաներ: Օրինակ, մեկ տարի առաջ այդպիսի գործընթաց սկսվեց Բելառուսից,  երբ ներքին ընթացակարգեր փոխվեցին, Վրաստանն արագ արձագանքեց ու դրա արդյունքում մեծացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ծավալն իր տնտեսության մեջ: Մենք չգիտեմ ինչու ավելի զուսպ ենք մոտենում այս հարցերում: Կա մրցակցություն, երկրները հերթի մեջ են և ուզում են առավելագույնս օգտվել մասնագիտական ներուժից:  Ես կարծում եմ, որ Հայաստանը, համապատասխան գործիքակազմի ստեղծման տեսանկյունից, շատ դանդաղ է արձագանքում, որովհետև այն փոփոխությունները՝ օրենսդրական իրավական, որոնք առկա են Հայաստանում, համադրելի չեն նույն Վրաստանի, Ուզբեկստանի առաջարկած պայմանների հետ:

Երկրորդ խնդիրը, որ շատ ավելի կրիտիկական է, մենք չունենք ռազմավարական դիրքորոշում այս հարցի հետ կապված, որովհետև ինչպես նշեցի ռելոկացիան անընդհատ շարունակվող պրոցես է: Այսօր Ռուսաստանից, Ուկրաինայից են գալիս, վաղը կարող են գալ Հնդկաստանից, Իրանից կամ այլ երկրներից: Դրանից բացի մենք Սփյուռքում ունենք հսկայական համայնք, որի մեծ մասն աշխատում է նաև տեխնոլոգիական ոլորտում: Եվ մեր երկրի համար համապատասխան գործիքները կենսական նշանակություն ունեն հայրենադարձության համատեքստում ևս: Այս մարտահրավերը, որը նետեց ռուս- ուկրաինական պատերազմը Հայաստանի առաջ, շատ ավելի լուրջ պետք է գնահատենք ու ռազմավարություն ունենանք նման իրավիճակների համար:

-Կոնկրետ ի՞նչ գործիքակազմի մասին է խոսքը:

-Մենք պետք է ունենանք ամենաբարենպաստ օրենսդրությունը, ամենաբարենպաստ պայմանները տեղափոխման համար: Մեր հայրենակիցների պարագայում պայմանների շրջանակը լայն պետք է լինի՝ քաղաքացիություն, աշխատանքի իրավունք, տարբեր ծառայություններին հասանելիություն, որը չունենք: Մեր թվային ծառայություների մակարդակը չափազանց ցածր է: Մենք անընդհատ գործ ենք ունենում բյուրոկրատիայի հետ: Մեր նույն հայրենակիցները գալիս են Հայաստան, մի քանի ժամ անց են կացնում անձնագրայինում հերթ կանգնելով, որը խայտառակություն է, հատկապես այնպիսի ռազմավարական շերտի համար, որոնք մեր հայրենակիցներն են: Մենք ունենք լուրջ խնդիր անշարժ գույքի հետ կապված, մենք չունենք բավարար չափով վարձակալության տրամադրվող բնակարաններ, չունենք բարձրակարգ բիզնես տարածքներ: Մենք ունենք բազմաթիվ շենքեր, որոնք բիզնես կենտրոններ են կոչվում, բայց չեն համապատասխանում միջազգային ստանդարտին: Դա մարտահրավեր է քաղաքաշինության ոլորտի համար: Մեզ համար առաջնահերթ է ենթակառուցվածքների զարգացումները: Հայաստանում պետք է արագ ներդնել հատուկ տնտեսական, արդյունաբերական գոտիներ, ենթակառուցվածքներ: Դա պետք է արվի կառավարության աջակցությամբ, համաֆինանսավորվող ծրագրերով: Այսինքն, այս մարտահրավերը հաշվի առնելով պետք է վերանայենք մեր գործիքակազմը, օրենսդրությունը, պայմանները, ենթակառուցվածքները, ու դա արվի շատ արագ:

-Ունե՞ք վիճակագրական տվյալներ, թե քանի ընկերություն է եկել Հայաստան ռուս-ուկրաինական պատերազմից սկսած: Խոսվում էր, որ ընկերությունները կարճաժամկետ կտրվածքով են այստեղ, ի՞նչ միտումներ կան:

-Վիճակագրությունը կթողնեմ պետական մարմիններին: Վերջին հրապարակած տվյալների համաձայն  խոսքը 70 հազար անձի, 1300 ընկերությունների գրանցման մասին է, որից 90-ից ավելի տոկոսը տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ են:

- Նույնիսկ եթե կարճաժամկետ կտրվածքով այդ ընկերություններն ու մասնագետները մնան Հայաստանում, ի՞նչ ազդեցություն դա կթողնի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, տնտեսության վրա, ի՞նչ հնարավորություններ կբացվեն:

-Մեզ համար շատ կարևոր է, որ մենք շատ արագ ստեղծենք այնպիսի հարթակներ ու կիրառենք  այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս, որ Հայաստան եկած մասնագետն իր գիտելիքը փոխանցի տեղի ընկերություններին, մասնագետներին: Որպես կանոն մեկ բարձրակարգ մասնագետն առնվազն աշխատում է նոր 5 մասնագետի հետ: Դա նշանակում է, որ 100 բարձրակարգ մասնագետ ներգրավելով, մենք կարող ենք 500 հոգանոց աշխատանքային խումբ ստեղծել, 500 երիտասարդի զարգանալու, հմտանալու հնարավորություն տալ: Մենք պետք է հասկանանք, որ սա ներդրումային նշանակություն ունի և ոչ միայն այս մարդկանցից հարկ չպետք է վերցնենք, այլև մի բան էլ պետք է համաֆինանսավորենք, որովհետև գալիս են իրենց գիտելիքը փոխանցում են մեր երեխաներին: Անկախ նրանից թե Հայաստան տեղափոխվելը որքան կտևի, բոլոր փուլերն էլ ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Զուգահեռ պետք է աշխատենք, գործիքակազմը բարելավելու ուղղությամբ, նպաստենք, որ նրանք ավելի երկար մնան մեր երկրում:

-Այսինքն, ակնկալում ենք, որ տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ներհոսքը կնպաստի Հայաստանի մասնագետների հնարավորությունների զարգացմանը, կստեղծվեն աշխատատեղեր…

-Արդյունքը կերևա տնտեսության, գիտության, կրթության ոլորտում, ինչպես նաև սոցիալական առումով: Հատկապես այդ ոլորտի մարդիկ, որպես կանոն, կրթված, գիտակից, բարձր մշակույթի տեր մարդիկ են և իրենց ներկայությունը հասարակության մեջ միայն դրական կարող է լինել: Այդ թվում, գիտենք, որ ինժեներական աշխատատեղերը գեներացնում են մի քանի անգամ ավելի շատ այլ աշխատատեղեր, որովհետև իրենք բարձր վարձատրվող մասնագետներ են, իրենք պետք է խթանեն նաև այլ ոլորտների զարգացումը: Եկած մասնագետները շատ կարևոր ռեսուրս են մեր հայաստանյան ընկերությունների համար: Մեր ընկերություններն արդեն ընդունում են աշխատանքի ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից եկած մասնագետների: Այդպիսի դեպքերը հարյուրավոր են: Ուղիղ օրինակներ կան նաև, երբ հայաստանյան ընկերությունները համագործակցում են արդեն Հայաստան տեղափոխված ընկերությունների հետ: Ամփոփելով ասեմ, որ մեզ անհրաժեշտ է հատուկ քաղաքականություն, մանրամասն ծրագիր, որ պետք է ունենա ծանրակշիռ բյուջե, ու հասկանանք, որ դա ներդրում է, ոչ թե բարեգործություն:

Աննա Գզիրյան  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular