ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարզերում ընդլայնվելու երազանքի հետքերով. «Լոֆթ»-ը հասավ Վանաձոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 2-ից «Լոֆթ» կենտրոնների ցանցի վանաձորյան նոր մասնաճյուղն իր դռները կբացի այցելուների առջև: 1or.am-ը կենտրոնների ցանցի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ խոսել է նորաբաց կենտրոնի առաքելության, դրանից ունեցած ակնկալիքների և առաջիկա պլանների մասին:

- Ինչո՞ ւ հենց Վանաձոր, ի՞նչ ակնկալիքներ ունեք Վանաձորից:

- Գիտե՞ք դեռևս 2014-ին, երբ «Լոֆթ»-ը նոր-նոր էր սկսում իր գործունեությունը և, բացի մեր փոքրիկ թիմից, գրեթե ոչ ոք չէր հասկանում, թե սա ինչ կենտրոն է, մենք արդեն իսկ ունեինք երազանք՝ ընդլայնվելու մարզերում։ Երազանքը, իհարկե, շուտով պիտի դառնար նպատակ, որին հասնելու համար մենք իսկապես երկար ճանապարհ ենք անցել։ Առաջին մարզային «Լոֆթ»-ը, որն իր կոլորիտով և կառուցվածքով փոքր-ինչ տարբերվում է մայրաքաղաքի «Լոֆթ»-ից, բացվեց Գյումրիում։ Հաջորդ մասնաճյուղը, իհարկե, պիտի լիներ Վանաձորում՝ հանրապետության երրորդ խոշոր քաղաքում, որտեղ մեզ շատերն էին սպասում։ 

Անդրադառնալով բուն հարցին՝ Վանաձոր, քանի որ տարիներ շարունակ մենք ստացել ենք հարյուրավոր նամակներ՝ խնդրանքով, որ այս ձևաչափը հասանելի դարձնենք նաև իրենց քաղաքում։ Վանաձոր, քանի որ սա պետական-մասնավոր էքսպերիմենտալ համագործակցության արդյունք է՝ վանաձորյան մանկական գրադարանում։ Նաև Վանաձոր, քանի որ ինքս տեղացի եմ և առաջնահերթ իմ երազանքն է համաքաղաքացիներիս համար ինքնաարտահայտման նոր հնարավորություն ստեղծելը։ Եվ ահա, մենք այստեղ ենք, ու գիտենք, որ վանաձորցի երիտասարդների հետ հաստատ «լեզու ենք գտնելու»։ Իսկ ակնկալիքներ ունենք միայն ինքներս մեզնից. ստեղծել ոչ ֆորմալ, անվտանգ ու անկաշկանդ միջավայր և ինտելեկտուալ բովանդակություն, որտեղ գիրքն ու երիտասարդը կսիրեն իրար։

- Ի՞նչ կարծիք ունեք Վանաձորի երիտասարդության մասին, ի՞նչ եք կարծում՝ «Լոֆթ»-ը կդառնա՞ նրանց համախմբելու, երիտասարդական կյանքն ակտիվացնելու ևս մեկ գործոն:

- Վանաձորցի երիտասարդների հետ հաճախ ենք շփվել երևանյան «Լոֆթ»-ում՝ ամենատարբեր ձևաչափերում։ Նրանք մեզ մոտ համերգներ են ունենում, դասախոսում են կամ գալիս են՝ իբրև այցելու։ Եվ օբյեկտիվորեն կուզեմ նշել, որ ինչպես յուրաքանչյուր մարզկենտրոնի/համայնքի, այնպես էլ Վանաձորի երիտասարդությունը ունի իրեն հատուկ առավելություն։ Այս դեպքում դա, թերևս, արվեստի ու բիզնեսի ոլորտներում մասնագիտացումն ու ստեղծարար ջիղն է։ Ուստի շոշափելով քաղաքը, տեղացիներին, ուսումնասիրելով նրանց պահանջներն ու ցանկությունները՝ մենք վստահ կարող ենք ասել, որ նրանք հաճախ են բացելու վանաձորյան «Լոֆթ»-ի դուռը։ 

«Լոֆթ Երևան»-ի և «Լոֆթ Գյումրի»-ի երկարամյա գործունեությունը թույլ է տալիս կանխատեսել, որ Վանաձորի երիտասարդների կյանքի եռուզեռը շուտով կենտրոնանալու է Տիգրան Մեծ 24 հասցեում, քանի որ այստեղ ևս մենք նպատակ ունենք դառնալ երրորդ տուն՝ տնից եւ ուսումնական հաստատությունից/ աշխատավայրից հետո, ակտիվացնել քաղաքը՝ այլ կառույցների հետ համագործակցությամբ, ինչպես նաև ներգրավել զբոսաշրջիկների։

- Ինչպիսի՞ կարծիքներ եք լսել հենց Վանաձորի երիտասրդներից, հետաքրքրվա՞ծ են ժամանցի նոր կենտրոնով:

- Ինչպես արդեն նշեցի, Վանաձորի երիտասարդները հաճախ են կապ հաստատել մեզ հետ և տեղեկացրել, որ մեծ անհամբերությամբ սպասում են «Լոֆթ»-ին իրենց քաղաքում։ Այնպես որ, այո՛, հետաքրքրված են, սակայն մենք ունենք միայն մեկ մտահոգություն՝ այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր երբևէ առնչություն չեն ունեցել «Լոֆթ»-ի հետ, չվախենան հյուր գալ մեզ՝ մտածելով, թե սա միայն հատուկ լսարանի համար նախատեսված կենտրոն է։ Օգտվելով այս հնարավորությունից՝ նշեմ, որ մեր թիմը մեծ սիրով պատրաստ է փոքրիկ և անվճար էքսկուրսիա անցկացնել կենտրոնում, պատմել, թե ինչ հնարավորություններ ունեն նրանք այստեղ և թե ինչ ձևաչափով է աշխատում «Լոֆթ»-ը։ 

Ինչպես փաստում է կենտրոնի ընդունարանի մոտ տեղակայված «Համագոյատևում» նեոնե լույսը՝ մեզ մոտ բոլոր տեսակի խտրականությունները բացակայում են, փոխարենը՝ մենք սովորեցնում ենք մարդկանց համագոյատևել մեկ հարկի տակ՝ անկախ տարիքից, սեռից, հետաքրքրություններից ու ճաշակից։ 

- Հաջորդ «Լոֆթ»-ը որտե՞ղ եք նախատեսում բացել:

- Այս պահին հստակ պատասխան չեմ ուզենա տալ, քանի որ այդ գործընթացը, սովորաբար, կատարվում է հարցումների, հետազոտությունների և քննարկումների արդյունքում, որի փուլում էլ գտնվում ենք մենք այս պահին։ Փոխարենը կարող եմ ասել, որ երկարաժամկետ նպատակների մեջ մենք տեսնում ենք «Լոֆթ»-ը հանրապետության քարտեզի վրա գտնվող բոլոր մարզկենտրոններում և համայնքներում։ Դա ընդամենը ժամանակի հարց է։ 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular