Ռուսերենն Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսերենն Արցախում պաշտոնական լեզի կարգավիճակ է ստացել: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Արցախի ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանից, ով նաև նախագծի համահիմնադիր էր:
«Որոշումն այսօր ընդունվեց ԱԺ-ում: Նիստին 31 պատգամավոր էր ներկա, երկուսը չեն քվեարկել, երկուսը ձեռնպահ են քվեարկել, իսկ 27 պատգամավոր կողմ է քվեարկել: Քվեարկությանը չմասնակցող պատգամավորներից մեկն Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր է, որը նախկինում նախագծի համահիմնադիր էր, և՛ համահիմնադիր լինելուց է հրաժարվել, և՛ չի քվեարկել: Չքվեարկած մյուս պատգամավորը «Արցախի ժողովրդավար կուսակցությունից» է, նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» երկու պատգամավոր ձեռնպահ է քվեարկել»,-մանրամասնեց նա:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Արցախի ԱԺ պատգամավորներ նախագիծ էին մշակել, ըստ որի, առաջարկվում էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ Արցախում: Ավելի վաղ Արամ Հարությունյանը Tert.am-ին ասել էր, որ այս որոշմամբ հայերենը ստորադասելու որևէ միտում չկա և, իհարկե, ռուսական կողմից որևէ պարտադրանք չի եղել: