«Դավիթ Տոնոյանը թող գա` պատասխան տա ժողովրդին. իմ որդին 50 օր չկա». անհետ կորած զինծառայողի մայր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴավիթ Տոնոյանը թող գա, պատասխան տա ժողովրդին, թե որ գումարտակի երեխաները որտեղ են, մենք միայն մեր երեխաներին ենք ուզում: 50 օր է՝ իմ որդին չկա: Այս մասին այսօր ՊՆ-ի դիմաց ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:
«Երկու ամիս է՝ տարբեր տեղերից մարդիկ գալիս են, բայց որևէ մեկին պատասխան չեն տալիս: Իբր 300 երեխա են գտել, թող՝ բարի լինեն, հայտարարություն տան, խեղճ մարդիկ հիվանդանոցից հիվանդանոց են վազում: Ի՞նչ անենք, ասեք, անենք: Ասացին 20 րոպե սպասեք, Տոնոյանը կգա, մի ժամ է՝ սպասում ենք. սա չի՞ մեր պետությունը»,-ասաց նա:
Նա նշեց, որ իր որդին՝ Արթուր Ստեփանյանը Սարգսի, Ջաբրայիլի 3-րդ գումարտակից է: Սեպտեմբերի 29-ին է գանգել, ասել՝ մամ ջան, այս վիճակն է, ամեն ինչ նորմալ է, լավ եղեք: «Անջատել է ու լուր չունեմ:
Ամեն տեղ դիմել ենք, ասում են՝ սպասեք, դե ծնող, դիմացի, ո՞ւր է քո երեխեն: Ո՞ւմ դիմեմ, եթե ոչ նախարարին, նախարարը դուռը փակել, նստել է ներսում, պատասխան չունի տալու: Հիվանդանոցների ցանկը դրած զանգում ենք, ասում են՝ ուրախ եղեք, որ ոչ վիրավորների մեջ կա, ոչ զոհվածների, ոչ անհետների. բա ո՞ւր է, օդ ցնդե՞ց երեխես»: