Գրիշա Թամրազյանի հրաժարականի մասին լուրերը խառնել է տնտեսագիտական համալսարանի ղեկավարության պլանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը պատրաստվում է հրաժարական տալ, սակայն հետաքրքիր զուգադիպությամբ դրան հաջորդեց նաև Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված և մինչ օրս ԿԳՄՍ նախարարի կողմից չհրամանագրված Դիաննա Գալոյանի ասուլիսը, որի ժամանակ նա հայտարարեց, որ բուհում դասերը կշարունակվեն:
Ավելի վաղ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Դ. Գալոյանը փոխնախարար Թամրազյանի հովանավորյալն է, որը, սակայն, երկար ժամանակ հերքվում էր փոխնախարարի կողմից: Խոսակցություններ կան նաև, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ևս որոշեց հրաժարակի դիմում գրել, քանի որ նրա հանդեպ ևս ճնշումներ կային՝ կապված Դ. Գալոյանի դոկտորական դիսերտացիայում հայտնաբերված արտագրությունների հետ կապված: Ուշագրավ է նաև այն, որ Գոգյանի հրաժարականի դիմումը մինչ այս պահը չի ստորագրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս շատ հարցեր է առաջացնում:
Ստացվում է՝ իրոք բուհի խորհուրդը կանգնել է փակուղու առջև և իրավիճակն էլ ավելի չսրելու համար որոշում է կայացնում շարունակել դասապրոցեսը: Այս ամենից կարելի է հանգել եզրակացության, որ ամենայն հավանականությամբ բարձրագույն կրթության ոլորտում հավասարակշռության խախտում է ակնկալվում, ինչն էլ, փաստորեն, բուհի ներսում առաջացրել է մտահոգություններ: Շարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը, քանի որ այս ամենի հետևում ավելի լուրջ շահերի բախում կա, որը ուշ թե շուտ պետք հանգուցալուծվի: Իսկ թե ում օգտին՝ ցույց կտա ժամանակը: