Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրամանատարի պատճառով դիվերսիայի հետևանքով 2 զինվոր է սպանվել, 3-ը՝ վիրավորվել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Շահեն Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

32-ամյա Շահեն Բ.-ն հետախուզական վաշտի հրամանատար է եղել, կոչումով՝ կապիտան:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ նա 2015 թվականի դեկտեմբերի 11-ի հրամանով իր վաշտի վեց զինծառայողների հետ նշանակված լինելով համապատասխան մարտական դիրքի թիկունքում՝ որպես դարանի խմբի ավագ, հերթապահության ժամանակ, ըստ դատական ակտի, խախտել է մարտական հերթապահության կանոնները՝ դրսևորել է անգործություն, չի իրականացրել ու չի կազմակերպել դարանակալմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ:

Դեկտեմբերի 17-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում հավելյալ տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման վերաբերյալ՝ Շահեն Բ.-ն շարունակել է նույն վարքագիծը դրսևորել:

Դեկտեմբերի լույս 18-ի գիշերը՝ ժամը 3-ն անց 40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է նշված դիրքի թիկունք, հարձակման է ենթարկել դիրքի գետնատնակում ու դրա մոտ գտնվող՝ դարանակալման խմբի զինծառայողներին:

Տարբեր զինատեսակներից արձակված կրակոցներից սպանվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Աղասի Գրիգորյանը և Ռուբեն Ալեքսանյանը, իսկ երեք զինծառայողներ՝ Տիգրան Ս.-ն, Սարգիս Կ.-ն և Վահրամ Հ.-ն, ստացել են տարբեր աստիճանի հրազենային ու բեկորային վնասվածքներ:

Ընդհանուր իրավասության դատարանում Շահեն Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող կողմը չի առարկել:

Դատարանը հաշվի է առել, որ Շահեն Բ.-ն բնութագրվել է դրական, ծառայության ընթացքում խրախուսվել է մի քանի անգամ, հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, ընտանիքը սոցիալապես անապահով է: Շահենը սովորել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանում: Նա պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով:

Շահեն Բ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի փետրվարի 17-ից:

Այս դատավճիռը բողոքարկել են մեղադրանքի ու պաշտպանության կողմերը:

Մեղադրողը պահանջել է պատժի մասով փոփոխել դատավճիռը, հաշվի առնել արարքի վտանգավորության աստիճանը, ծանր հետևանքները և սահմանել ավելի խիստ պատիժ՝ 5 տարի ազատազրկում:

Պաշտպանական կողմը, չնայած գործը քննվել է արագացված կարգով, ու ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, պահանջել է բեկանել դատավճիռը, Շահեն Բ.-ի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, կամ՝ դատավճիռը փոփոխել պատժի մասով, ամբաստանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան՝ նրան չենթարկելով իրական ազատազրկման:

Հետաքրքիրն այն է, որ մեղադրողի բողոքի դեմ գրավոր առարկություն է ներկայացրել նաև սպանված զինվորներից մեկի՝ Աղասի Գրիգորյանի իրավահաջորդը՝ հայրը՝ Արսեն Գրիգորյանը: Նա խնդրել է մերժել մեղադրողի վերաքննիչ բողոքը, ոչ միայն չխստացնել ըստ մեղադրանքի՝ իր որդու սպանության համար մեղքի բաժին ունեցող Շահենին, այլև… նրան արդարացնել ու ազատ արձակել…

Տուժողի իրավահաջորդ Արսեն Գրիգորյանն ու գործով տուժող, դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ վիրավորված Վահրամ Հովհաննիսյանը ներկայացել էին վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանում մեղադրող դատախազը պնդեց իր բողոքը՝ շեշտելով, որ երկու զինվորի զոհվելու ու երեք զինվորի վիրավորման և դարանի խմբի ավագ Շահեն Բ.-ի գործողությունների միջև առկա է պատճառահետևանքային կապ, հետևաբար առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը ակնհայտ մեղմ է, համաչափ չէ մեղքին ու արարքի հանրային վտանգավորության աստիճանին:

Ամբաստանյալ Շահեն Բ.-ի շահերը առաջին ատյանի դատարանում պաշտպանել, արագացված ընթացակարգով դատաքննության միջնորդություն ներկայացնելու հարցում ամբաստանյալին, մեղմ ասած՝ իրավաբանական խորհրդատվություն է իրականացրել փաստաբան Կամո Գրիգորյանը, բայց վերաքննիչ բողոքի հեղինակը նա չէր:

Բողոքը գրել ու Շահեն Բ.-ի շահերի պաշտպանությունը ստանձնել է մեկ այլ փաստաբան՝ Կ. Բարսեղյանը: Վերջինս, իհարկե, գիտեր, որ արագացված ընթացակարգով քննված գործի պարագայում, երբ առաջին ատյանի դատարանը գործի փաստական հանգամանքները չի հետազոտել, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վիճարկելը, նրա անմեղության ճանաչումը պահանջելը աննախադեպ է: Սակայն փաստաբանը այս գործով կայացված դատավճռով խախտված է տեսնում արդար դատաքննության՝ ամբաստանյալի իրավունքը, և վերաքննիչ դատարանում պնդեց իր բողոքն ու ներկայացրեց հիմնավորումները՝ դատավճիռն անվանելով «անհիմն ու անօրեն»:

Ըստ պաշտպանի՝ Շահեն Բ.-ին առաջադրված մեղադրանքի, դրա հիման վրա կայացված դատավճռի մեջ նշված չէ՝ ի՞նչ պիտի աներ Շահեն Բ.-ն, որ չի արել: Նշված չէ՝ մարտական հերթապահության կանոնադրության ո՞ր կետն է խախտել դարանի խմբի ավագը: Քրեական գործում նշված է, որ Շահեն Բ.-ն նռնակներ, գիշերային ստուգման սարքեր չի տարել դարան: Պաշտպանը հակադարձեց, որ Շահեն Բ.-ն իրավունք չուներ որևէ բան տանել իր հետ, եթե այն գրանցված չէր, եթե դարանի գնացող վաշտին հատկացված չէր: Ո՞վ պիտի հրաման տար, որ հենց այնտեղ դարանեն, որտեղ դարանել են, ո՞վ պիտի խնդիրներ առաջադրեր դարանի խմբին՝ ավելի բարձր հրամանատարությունը, ոչ թե Շահեն Բ.-ն. «Մարդը դատապարտվել է իր առաջ չդրված խնդիրը չկատարելու համար»,- ասաց փաստաբան Կ. Բարսեղյանը:

Ըստ պաշտպանի՝ քրեական գործի տվյալներից իրեն հայտնի է դարձել, որ մեկ ուրիշը պիտի գնար դարանի, բայց վերջին պահին հրամայվել է Շահեն Բ.-ին: Պաշտպանը կասկածում է, որ հրաման է փոխվել անգամ, քանի որ ամսաթվային հակասություն է նկատել:

Դեպքի կապակցությամբ կատարվել է ծառայողական քննություն, որը, ըստ պաշտպանի, սխալ եզրակացության է հանգել՝ իսկական մեղավորներին՝ ավելի բարձր հրամանատարության կազմից, թվարկել են, բայց վերջում վաշտի հրամանատարի վրա է բարդվել ամբողջ մեղքը. «Մեծ սխալ է կատարվել»: Քննիչն էլ հետևել է այդ ծառայողական քննության սխալ եզրակացությանը. «Անորոշ մեղադրանքով մարդն էստեղ է հասել»,- ասաց պաշտպանը:

Ըստ փաստաբանի՝ գիշերային ստուգման սարքերի էլեմենտները «նստած են եղել», որովհետև ձեռք են բերվել անորակ էլեմենտներ, որոնք վեց ամսվա փոխարեն երկու ամիս են ծառայել:

Փաստաբանն ուսումնասիրել է դարանի կազմակերպման օրինական ընթացքը և պարզել է, որ դարան կազմակերպելու համար երեք օրվա նախապատրաստություն էր հարկավոր, երեք փուլերից բաղկացած գործողություններ պիտի կատարվեին, Շահենին ու նրա վաշտին նման հանձնարարության ուղարկողները պետք է հստակ որոշած լինեին դարանի տեղը, այդ տեղը պետք է ցույց տված լինեին Շահենին, պետք է նրան ներկայացրած լինեին խնդիրներն ու նպատակները, անհրաժեշտ տեխնիկայով ու զինատեսակներով պիտի ապահովեին:

Պաշտպանը նշեց, որ երեք խումբ պիտի ուղարկվեր դարանի, բայց մեկ խումբ է ուղարկվել: Դարանի այդ խմբին երեք օրվա սնունդ են տվել, սակայն հրամայել են, որ նրանք վեց օր մնան դեկտեմբերյան ցրտի պայմաններում՝ առանց լիարժեք սննդի ու համապատասխան արտահագուստի, զինվորները սառնամանիքից ստիպված են եղել գետնատնակում պաշտպանվել. «Անկախ Հայրենիքը սիրելուց՝ դիրքում կանգնած զինվորի համար պայման պիտի ստեղծված լիներ»,- ասաց պաշտպանը:

Վերջինս նշեց, որ իր տեղեկություններով՝ հետախուզության պետը Շահենին ասել է՝ գիշերային ստուգման սարք չտանես, նա էլ չի տարել, առանց վերադասի Շահենն ինքնագլուխ ոչ մի սարք տանել չէր կարող: Նա վաշտի տրամադրության տակ եղած այլ սարք է տարել: «Գուցե Իսկանդե՞ր պիտի տաներ, որ չի տարել, աբսուրդ մեղադրանք է»,- ասաց պաշտպանը:

Վերջինս նշեց, որ ծառայական քննության ավարտից հետո սկսել են փոխել զինվորների՝ մինչ այդ տված ցուցմունքները, հարմարեցրել են ծառայական քննության եզրակացությանը:

Պաշտպանի կարծիքով՝ խնդիրներ են եղել հրամանատարության ու Շահենի միջև, դրա համար են ուրիշի փոխարեն նրան ուղարկել, դրա համար էլ ծանր հետևանքների առաջացումից հետո շտապել են Շահենին բացասական բնութագիր տալ այն դեպքում, երբ Շահենը վեց անգամ խրախուսվել էր գերազանց ծառայության համար: Վատ ծառայողին կխրախուսեի՞ն:

Պաշտպանը դժգոհեց, որ գործն արագացված կարգով քննելուց ու Շահենին անհիմն, անորոշ մեղադրանքով մեղավոր ճանաչելուց հետո դատարանը գոնե պայմանական դատապարտություն չի կիրառել, հաշվի չի առել, որ Շահենն է ընտանիքի՝ հիվանդ մոր ու քրոջ միակ կերակրողը:

Պաշտպանը խնդրեց, որ վերաքննիչ դատարանը վերականգնի մարդու իրավունքները, քանի որ իրականում Շահեն Բ.-ն հանցագործություն չի կատարել: Իսկ եթե վերաքննիչ դատարանը ևս կհամարի, որ Շահենը մեղավոր է, ապա գոնե պատժի մասով փոփոխի դատավճիռը ու պայմանական դատապարտություն կիրառի՝ անմեղ մարդուն ազատազրկման չդատապարտելով:

Ամբաստանյալ Շահեն Բ.-ն միացավ պաշտպանի բերած բողոքին: Նա ասաց. «Ես մարտական հերթապահության կանոնների խախտում թույլ չեմ տվել… Ուրիշ մարդ պիտի գնար, վերջին պահին նա հրաժարվել է, կես ժամվա ընթացքում ինձ են հրաման տվել… Դարանի խրամատը կահավորված չէր, եթե նույնիսկ նռնակներ ունենայինք, գործածել չէինք կարող… Ինչ կցված է եղել մեզ, տարել եմ… Դարանի խմբում 15 հոգի պիտի լինեին, բայց մենք 6-ն էինք, երեք ենթախումբ պիտի լիներ, մեկն էր… Տղաներից մեկը հիվանդացել էր, զեկուցել եմ, ասել են՝ յոլա տար… Տղաները սաստիկ ցրտից պաշտպանվելու համար գետնատնակ էին մտնում ստիպված… Եթե ես չլինեի՝ մյուս 3 տղաներն էլ կզոհաբերվեին, ես պաշտպանել եմ… Մանկուց դաստիարակվել եմ որպես հայրենասեր… հինգ տարի սովորել եմ Ռուսաստանում ու վերադարձել եմ Հայաստան… Իմ հայրենասիրությունը սխալ դատավճռի պատճառով չի պակասում, ես ապրիլյան պատերազմի օրերին խնդրել եմ, որ ինձ ուղարկեն առաջին գիծ… Դեպքի պահին մենք «Մուխա» չենք ունեցել, խրամատը պաշտպանիչ պատ չի ունեցել, բաց դաշտում դարան են տեղադրել, չպահվող դիրք են ուղարկել, որը կահավորված չէր… Ես զեկուցել եմ, ասել են՝ դիմացի… Դեպքից մեկ օր առաջ հետախուզության պետն էր եկել, բոլոր թերությունները զեկուցել եմ, ասել է՝ դիմացեք… Ես իմ խղճի առաջ եմ ինձ մեղավոր ճանաչել, իմ երկու զինվորների մահվան համար…»:

Վերաքննիչի դատավորները հարցրին՝ չէ՞ր կարող Շահենը չկատարել հրամանը, եթե հասկանում էր, որ դարանի վայրը սխալ է ընտրված կամ պայմաններ ստեղծված չեն: Ամբաստանյալը պատասխանեց, որ իրավունք չուներ չկատարելու, միայն կատարելուց հետո իրավունք ուներ այդ հարցը քննարկելու…

Ամբաստանյալն ասաց, որ հարձակման պահին գետնատնակում երկու հոգի են եղել, դրսում՝ հերթապահության են կանգնած եղել չորս հոգի: Ինքը՝ Շահենը, կոնտուզիա է տարել, բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստացել: «Ես կրծքով պաշտպանել եմ իմ զինվորներին…»:

Դատավորները հարցրին՝ ինչու Շահենն ամուսնացած չէ: Ամբաստանյալն ասաց, որ հեռավոր դիրքերում է ծառայել ու… ժամանակ չի ունեցել…

Վերաքննիչ դատարանում շատ զգացմունքային խոսք ասաց զոհված Աղասի Գրիգորյանի իրավահաջորդը՝ ազատամարտիկ Արսեն Գրիգորյանը: Նա ասաց, որ երբ Աղասուն ցանկացել էին հետախուզական վաշտից տեղափոխել ֆիզիկական պատրաստվածության ստուգումից հետո, Աղասին զանգել է իրեն ու խնդրել է, որ ընկերների, ծանոթների միջոցով այնպես անի, որ ինքը մնա հետախուզական վաշտում, ասել է. «Ստեղ երդվյալներ են…»:

Աղասին արձակուրդ է գնացել օգոստոսի վերջին, իսկ դեկտեմբերի 18-ին հորը հայտնել են, որ Աղասին զոհվել է. «Սպաներ էկան, շքանշան բերեցին, ասին՝ քո էրեխեն հերոսաբար է զոհվել, մեղավորները կպատժվեն… Ես ուրախ կլինեմ, որ իսկական մեղավորները պատժվեն, իսկ էս էրեխեն՝ Շահենը, իմ երկրորդ Աղասին է հիմա… Էս էրեխեն որ ապրիլյան օրերին կանգնած լիներ, իր դիրքը չէր տա… Էդ օրերին ես իմ ամբողջ ընտանիքով դիմեցի, որ թույլ տան՝ գնանք իմ էրեխու պոստը մենք պահենք…

Առաջին ատյանի դատարանում Շահենի դատապաշտպան Գրիգորյանն ինձ ասավ՝ արագացվածի համաձայնություն տուր, որ Շահենին դատարանի դահլիճից ազատեն… Ես էլ բարձրագույն կրթություն ունեմ, Շահենն էլ, բայց մենք իրավաբանական կրթություն չունենք, որ հասկանայինք… Հնարավոր է՝ Շահենը փոքր մեղավորություններ ունի: Բայց ինձ ասին, որ դեպքի ժամանակ առաջին կրակոցից հետո Աղասին գետնատնակից դուրս է եկել, վիրավոր Տիգրանին օգնել, ներս է տարել, հետո դուրս է եկել Ռուբոյին օգնելու, մուտքի մոտ են էղել, թշնամին «Մուխայից» կրակել է… Շահենն էդ ժամանակ արնաքամ վիճակում տեսնելով, որ Աղասին սպանվել է, էնպես է գոռացել, էնպես է գոռացել… Ես էդ պահին տանը նստած՝ մի ձեն լսեցի՝ նայեցի՝ կատուն իր տեղում էր, շունը՝ իր տեղում, ոչ մի շարժում չկար, բայց ես ահավոր ձեն լսեցի, ես Շահենի գոռոցը լսել եմ… Հակառակորդը երկու դիվերսիոն խմբով է եղել, մեր տղաները մի խմբով դիմադրել են… Եթե Շահենն էլ զոհված լիներ, նրան մեդալ կտային հետմահու, էդ ժամանակ ո՞ւմ էիք դատելու, էս էրեխո՞ւն՝ վիրավորում ստացած զինվոր Հովհաննիսյանի՞ն… Եթե Շահենին դատեք, ես կհամարեմ, որ իմ էրեխուն էլ եք սխալ մոտեցել, էրեխեքը միասին են էղել… Նրանք նույնիսկ տարրական կապ չեն ունեցել, հակառակորդի հարձակման մասին նրանց գոռալով են հայտնել, դա ի՞նչ էր՝ տեղի բացահայտում չէ՞ր… Իմ էրեխեն ամեն գիշեր գալիս ու ինձ ասում է՝ ով է մեղավոր, մեղավորը Շահենը չէ…»:

Դարանի խմբի զինվոր, դեպքի ժամանակ վիրավորում ստացած տուժող Վահրամ Հովհաննիսյանն ասաց, թե միանում է Շահենի պաշտպանի բողոքին: Ինքն էլ է համարում, որ Շահենին պետք է արդարացնել: Այդպես է կարծում՝ և՛ Շահենին հարգելով, և՛ իրականությունն իր աչքով տեսած լինելով՝ նրան անմեղ համարելով. «Եթե Շահենը չլիներ, մենք՝ մնացած երեք զինվորներս էլ կզոհվեինք: Շահենն իր կրծքով է մեզ պաշտպանել, մենք խուճապի էինք մատնվել, ինքը մեզ դուխ ա տվել…»:

Մեղադրող դատախազը այս բոլոր զգացմունքային ելույթներից հետո իր տեսակետը չփոխեց, նա պնդեց, որ վաշտի հրամանատարը վաշտային ամբողջ տնտեսության բոլոր հարցերը տնօրինողն է, նա ամեն ինչի համար է պատասխանատու՝ և՛ անձնակազմի, և՛ տեխնիկայի: Շահենի գործողությունների և առաջացած ծանր հետևանքների միջև պատճառահետևանքային կապ կա, հետևաբար նա ավելի խիստ պատժի պիտի ենթարկվի…

Պաշտպան Բարսեղյանը հայտնեց, որ միջնորդություն ունի՝ վճռաբեկության կարգով քննությունից վերաքննության անցնելու վերաբերյալ, որպեսզի ներկայացնի ֆիզիկական անձանց իր հարցումների, զինվորական կանոնադրության իր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ցույց կտան, որ Շահենը տվյալ հանցագործության սուբյեկտ չէ, ծանր հետևանքներ, երկու զինվորի մահ առաջացել է ավելի վերին հրամանատարության թույլ տված բացթողումների պատճառով:

Պաշտպանն իր միջնորդությունը կանի հաջորդ դատական նիստին:

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՌուսաստանն Իրանին տալիս է ԱԹՍ մարտավարության վերաբերյալ կոնկրետ խորհուրդներ․ CNN ԱՄՆ հետախուզությունն ասել է, որ Իրանի կառավարությունը փլուզման վտանգի տակ չէ․ Reuters ANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԱՄՆ-ն պատրաստ չէ Իրանի դեմ գործողության հետևանքով նավթի շուկաների վրա ազդեցությանը․ Politico ԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները Հայաստանում Սարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՆոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Ինչո՞ւ է ՀՀ–ն հրաժարվել ղարաբաղցիներին տրվող աջակցությունից․ Զախարովայի մեկնաբանությունը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար ԱՄՆ-ն փաստացի ոչնչացրել է Իրանը․ Թրամփ Կոտայքի մարզի պարեկները հայտաբերել են գողության փորձ կատարած երիտասարդի Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ԱԳՆԻրանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 1348-ի ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը Պարսից ծոցում հարձակվել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող, «ամերիկյան աhաբեկչական բանակի» տանկերի վրա «Ոսկե ծիրանը» FIAPF-ի կողմից պաշտոնապես հավատարմագրվել է որպես «Ա» դասի փառատոն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 12 բուժհաստատություն է վնասվել Թեհրանում Դուբայի կենտրոնում պայթյուններ են որոտացել․ բնակելի թաղամասի վրա ծխի հաստ շերտեր են բարձրացել Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ․ Ալիև Ամերիկայի գավաթ․ Լևոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը «Կրոկուս»-ի ահաբեկչական հարձակման կազմակերպիչները դատապարտվել են ցմաh ազատազրկման. մանրամասներ Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Մի եղբայրը ուշադրությունը շեղել է, մյուս եղբայրը դանակով 12 հարված է հասցրել. Աբովյանում սպանության մանրամասները Արտակարգ դեպք` Փարաքարի բենզալցակայաններից մեկումՍիլիկյան 8-րդ փողոցը կանվանափոխվի Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի«Էպշտեյնի կոալիցիան» փորձում է Հարավային Կովկասի երկրները ներքաշել պատերազմական հորձանուտի մեջ. «Փաստ»Դրամահավաքն ավարտված է, դուք արեցիք մի բան, որն անհավանական էր․ Գոռ Հակոբյան Ճանապարհորդ–բլոգեր Մարկ Երեմինը Հայաստանում ռուսների նկատմամբ վերաբերմունքը բնութագրել է որպես «հանգիստ և նույնիսկ ջերմ» Ի՞նչ սադրանք են նախապատրաստում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Պայթյուն Մերձավոր Արևելքում. Ինչո՞ւ է Իրանն այդքան կարևոր Հայաստանի համար Լեհական Պրոմեթևսը խաբում է Հայաստանին Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը կսկսվի Տավուշի մարզից. պատմության այս օրը (12 մարտ)Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները «Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Անկում՝ տարարամի շուկայումԴիլիջանի ոլորաններում և Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին
Ամենադիտված