«Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Ռազմաքաղաքական վերլուծություն» (Military-Political Analytics) առցանց պարբերականում յոթ տարի առաջ հրապարակված վերլուծությունը լույս է սփռում Հայաստանի ներկայիս վիճակի պատճառների վրա, գրում է eadaily.com–ը։ Դեռ այն ժամանակ հեղինակները մատնանշում էին արևմտյան հիմնադրամների և ՀԿ-ների ցանցի կործանարար դերը։
«ՀԿ-ները Հայաստանում. ժողովրդավարության «ավետաբերներ» և «արտաքին կառավարման գործիքներ» վերնագրով զեկույցը սկսվում է այն պնդմամբ, որ 2018 թվականի իրադարձությունները ոչ թե տարերային բռնկում էին, այլ օտարերկրյա ազդեցության ընդարձակ ենթակառուցվածքի երկարատև և նպատակաուղղված ջանքերի արդյունք։ Հեղինակները հետադարձ հայացքով վերլուծություն են կատարում՝ սկսած հետխորհրդային շրջանից, երբ սոցիալ-տնտեսական ճգնաժամի և գաղափարական վակուումի պայմաններում երկրում սկսեցին ակտիվորեն գործել արևմտյան հիմնադրամները։
Զեկույցում մեծ ուշադրություն է դարձվում Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամին» (Open Society Foundations), որը հեղինակները բնորոշում են որպես հայկական ՀԿ-ների ֆինանսավորման համակարգի առանցքային օղակ։ Նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Սորոսը բացահայտորեն ողջունեց նոր կառավարությանը: Նրա հիմնադրամը «հովանոցային» կազմակերպությունների ցանցի միջոցով (ինչպիսիք են «Բաց հասարակության հիմնադրամը» և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը») համակարգում է ավելի քան 60 ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը՝ սկսած լրագրողական միություններից մինչև մարդու իրավունքների կենտրոններ։ Հեղինակներն ընդգծում են, որ ՀԿ-ների միջոցով իրականացվող ֆինանսավորումը թույլ է տալիս Արևմուտքին շրջանցել պաշտոնական պետական ուղիները և ուղղակիորեն ազդել հասարակական կարծիքի, դատական համակարգի և օրենսդրական գործընթացի վրա։ Որպես օրինակ նրանք նշում են ՀԿ-ների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մշակմանը, ինչը, ըստ վերլուծաբանների, հանգեցրել է «մշտական վարչական քաոսի» և պետական ինստիտուտների թուլացմանը։
Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում USAID-ին: Հիշատակվում է «Կրեմլի վնասակար ազդեցությանը հակազդելու» հայեցակարգը, որը նախատեսում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը ռուսական էներգետիկ մենաշնորհներից և դիվերսիֆիկացնել արտահանումը։ Հեղինակները դա դիտարկում են որպես ուղղակի սպառնալիք ռուս-հայկական հարաբերություններին՝ հատկապես ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը վերանայելու փորձերի համատեքստում։
Առանձին գլուխ նվիրված է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամին (NED), որը, ըստ զեկույցի, հիմնադրվել է 1983 թվականին ամբողջ աշխարհում «ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու և ամրապնդելու» նպատակով։ Հայաստանում NED-ը ֆինանսավորում է մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ, իրավապաշտպան կազմակերպություններ և վերլուծական կենտրոններ։ Թվարկվում են դրամաշնորհառուները, այդ թվում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Հետաքննող լրագրողներ»-ը և այլն։ Հատկանշական է այն, որ NED-ի շահառուների ցանկում է «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը։
Զեկույցի հեղինակները մատնանշում են 2018 թվականից ի վեր ի հայտ եկած նոր միտումը, այն է ապավինումը, այսպես կոչված, «անցումային արդարադատությանը»։ Վերլուծաբանները կարծում են, որ այդ հայեցակարգի նպատակը ոչ այնքան դատական համակարգի բարեփոխումն է, որքան նախկին վարչակազմի ներկայացուցիչների վարկաբեկումն ու քրեական հետապնդումը։ Նշվում է, որ արևմտյան հիմնադրամները զգալի միջոցներ են հատկացնում իրավապահ համակարգի բարեփոխման վերաբերյալ «մոնիտորինգի» և «փորձագիտական առաջարկությունների» համար, սակայն գործնականում դա նշանակում է արտաքին վերահսկողություն դատարաններում և դատախազությունում իրականացվող կադրային գործընթացների նկատմամբ։ Որպես օրինակներ նշվում են «Անցումային արդարադատության» կենտրոնի ֆինանսավորումը և «Դատական անկախության վերականգնմանը» միտված ծրագիրը։
Զեկույցի եզրափակիչ մասում պնդվում է, որ Հայաստանում արևմտյան ՀԿ-ների գործունեությունն ուղղակի սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը։ Հեղինակներն առանձնացնում են մի քանի հիմնական ռիսկեր.
–Վարչական քաոս. արտաքին ճնշման ներքո իրականացվող մշտական բարեփոխումները հանգեցնում են պետական ապարատում անկայունության։
–Հասարակական պառակտում. օտար արժեքների (օրինակ գենդերային ծրագրերի և ԼԳԲՏ իրավունքների խթանման) պարտադրումը պառակտում է առաջացնում ավանդական հայ հասարակության ներսում։
–Դաշինքների թուլացում. արտաքին ֆինանսավորմամբ տարածվող հակառուսական հռետորաբանությունը խաթարում է Մոսկվայի հետ ռազմավարական կապերը:
–Կրոնական գործոն. արևմտյան հիմնադրամների աջակցությունը վայելող կործանարար աղանդների և կեղծ կրոնական խմբավորումների ակտիվ գործունեությունը քայքայում է ազգի ավանդական հոգևոր հիմքերը։
Եզրակացություն.
Զեկույցը համակարգված վերլուծություն է ներկայացնում հետխորհրդային տարածքում գործող «փափուկ ուժի» քողարկված մեխանիզմների վերաբերյալ։ Հեղինակները եզրակացնում են, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» հնարավոր է դարձել ՀԿ-ների ցանցի երկարատև ջանքերի շնորհիվ, որոնք, գործելով բարեգործության և մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո, ծառայել են արևմտյան կոնկրետ աշխարհաքաղաքական նպատակներին։ Ռուսաստանի համար այդ զեկույցը ազդանշան է ավելի մեծ ուշադրություն դարձնելու «մերձավոր արտերկրում» տեղի ունեցող զարգացումներին և մշակելու սեփական գործիքակազմը հակազդելու կործանարար արտաքին ազդեցությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am