Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի քաղաքական ու սոցիալտնտեսական կյանքում առաջիկա մեկ տարվա հեռանկարն ուղղակիորեն կախվել է օդում՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ անորոշությունն ու տագնապը դարձել են հանրային մթնոլորտի գլխավոր բնութագրիչները։ Սպասվող թանկացումները՝ գազի գնի հավանական բարձրացումից մինչև կենսական ապրանքների թանկացման նոր ալիք, ինչպես նաև արտաքին քաղաքական անվերջանալի ճնշումներն ու անվտանգային մարտահրավերները հասարակությանը կանգնեցրել են ապոկալիպտիկ սպասումների առջև։ Ավելին՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված անորոշությունն ու Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությունը բախվել է լրջագույն խնդիրների։ Այն հիմնական թեզերն ու խոստումները, որոնցով Փաշինյանին դեռ հաջողվում էր ձգել սեփական իշխանությունը, աստիճանաբար սպառվում են, իսկ իշխանական օրակարգում առաջանում է լուրջ վակուում։
Հենց այս խորացող ճգնաժամի, իշխանական թեզերի սպառման և հանրային սպասումների ֆոնին էլ կայացավ Սամվել Կարապետյանի հատուկ նախապատրաստական հանդիպումը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի ելույթն, ըստ էության, ծրագրային հայտ էր, որտեղ նա ոչ միայն ֆիքսեց առկա ծանր իրողությունները, այլև բացահայտ հայտարարեց առաջիկայում ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելու պատրաստակամության մասին։
Կարապետյանի ուղերձի քաղաքական առանցքը հիմնված է իրավիճակի դիագնոստիկայի վրա։ Արձանագրելով նախորդ շրջանից ժառանգած ծանր բեռը՝ կորսված երկրորդ հայրենիքից ու օկուպացված տարածքներից մինչև Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցներն ու 15 միլիարդ դոլարի շեմին հասնող պետական պարտքը, նա ձևակերպում է այն ելման կետը, որտեղ գտնվում է երկիրը։ Այստեղ, սակայն, քաղաքական շեշտադրումը տեղափոխվում է միայն քննադատության դաշտից դեպի նախաձեռնողականություն. ՀՀ ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը ներկայացնում է սեփական օրակարգն ու լուծումների տրամաբանությունը։
Ուշագրավ են հատկապես տնտեսական ու արտաքին քաղաքական հանգույցների վերաբերյալ առաջարկվող մոտեցումները։ Ստեղծված ճգնաժամի ֆոնին Կարապետյանն առաջադրում է կոնկրետ քայլերի հաջորդականություն՝ սկսած տնտեսության մեջ սփյուռքի ներուժի վերականգնումից ու հայտարարված տնտեսական ծրագրերի մեկնարկից, մինչև ավանդական դաշնակիցների հետ վստահության վերականգնումն ու երաշխավորված խաղաղության հասնելը։ Այս ամենին գումարվում են ներհասարակական համերաշխության, արդարադատության և Եկեղեցու դերի վերականգնման շեշտադրումները, որոնք ձևավորում են առաջարկվող քաղաքական պլատֆորմի հենքը։
Կարապետյանը խոսել է նաև առաջիկայում հրապարակվելիք հեղափոխական տնտեսական ծրագրերի մասին։ Երկար տարիներ, ընդ որում՝ ոչ միայն այս իշխանության օրոք, հասարակության մեջ ձևավորվել էր կայուն պնդում, թե ընդդիմությունը չունի կոնկրետ ծրագրային առաջարկներ։ Հիմա, երբ Հայաստանը բախվում է լրջագույն մարտահրավերների, չափազանց կարևոր է դառնում այն, որ քաղաքական ընդդիմադիր ուժը հանդես է գալիս ոչ թե սոսկ քննադատությամբ, այլ հստակ, այլընտրանքային լուծումներով։ Սա, ըստ էության, ընդդիմության ինստիտուցիոնալ բուն ֆունկցիան է՝ հասարակությանը ներկայանալ որպես իրական, հաշվարկված ու ռացիոնալ այլընտրանք, ինչը հատկապես օրհասական է առաջիկա ցնցումների ֆոնին։ Ակնհայտ է, որ օդում կախված և աստիճանաբար տապալվող սահմանադրական փոփոխությունների գործընթացը երկիրը տեղափոխում է բավականին տուրբուլենտ քաղաքական գոտի, որտեղ կենսական է դառնում կայուն ու ուժեղ ընդդիմադիր միավորների առկայությունն ու գործունեությունը։
Այսպիսով, Սամվել Կարապետյանի հայտարարությունը քաղաքական դաշտում ստեղծում է նոր իրավիճակ։ Իշխանական թեզերի սպառման, սահմանադրական անորոշության ու համատարած տագնապների պայմաններում ընդդիմադիր ուժը հանդես է գալիս հաշվարկված ծրագրերով ու կոնկրետ անելիքներով, ինչը քաղաքական քննարկումները տեղափոխում է առարկայական ու ծրագրային հարթություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում