Մերցը դեմ է ԵՄ-ում ռուսական ակտիվներն ԱՄՆ-ի վերահսկողությանը փոխանցելուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեմ է արտահայտվել Financial Times պարբերականի նկարագրած՝ ԱՄՆ-ի կողմից իբր ձեռնարկված փորձերին, որոնք նպատակ ունեին որևէ կերպ ապաբլոկավորել Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները՝ դրանք վերցնելով սեփական կառավարման տակ։
«Դրանք Եվրոպայում սառեցված ակտիվներ են։ Դրանք պետք է էլի սառեցված մնան Եվրոպայում։ Սա մեր գործն է, և սա լուծելու ենք մենք», — հայտարարել է Մերցը լրագրողներին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Այսպիսով, Գերմանիայի կանցլերը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներն ԱՄՆ-ի վերահսկողությանը փոխանցելու գաղափարին։
Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է եվրոպական երկրներին ապասառեցնել ռուսական ակտիվների մի մասը՝ դրանք հետագայում Վաշինգտոնի վերահսկողության տակ գտնվող ֆինանսական մեխանիզմին փոխանցելու համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան տեղյակ չէ նման առաջարկների մասին։ Նրա խոսքով՝ հրապարակման հավաստիությունը նույնպես չի հաստատվում։
ԵՄ-ն և «Մեծ յոթնյակի» (G7) երկրները սառեցրել են ՌԴ մոտ 300 միլիարդ եվրոյի ակտիվներ։ Մոտ 180 միլիարդ եվրոն պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում։ Դեպոզիտարիան բազմիցս դեմ է արտահայտվել ռուսական միջոցների բռնագրավմանը (բռնայուրացմանը)՝ զգուշացնելով, որ դա կարող է հանգեցնել դատական կարգով աշխարհի այլ մասերում եվրոպական կամ բելգիական ակտիվների առգրավմանը Ռուսաստանի կողմից։