ՌԴ ԱԳՆ-ում ներկայացրել են այն պայմանները, որոնց դեպքում Հայաստանը կարող է կորցնել գազի գնի հետ կապված արտոնությունները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի և Մոսկվայի միջև դաշնակցային հարաբերությունների կարգավիճակի վերանայումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կկորցնի գազի արտոնյալ սակագինը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, գրում է news.ru–ն։ Նրա խոսքով Երևանը ստիպված կլինի հրաժարվել այն առավելություններից, որոնք տրամադրվում են բացառապես դաշնակիցներին։
«Հայաստանի հետ մենք ունենք ընդարձակ իրավական բազա, որն ամրագրում է մեր երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը։ Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանան վերանայել այդ կարգավիճակը իրենց արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակում, ապա դա իրենց իրավունքն է։ Սակայն այդ դեպքում նրանք ստիպված կլինեն հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին։ Գազի գնագոյացումը դրա օրինակներից մեկն է»,- ասել է Կալուգինը։
Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ Ռուսաստանը բավարարում է Հայաստանի գազի պահանջարկի մինչև 85%-ը, ինչը կազմում է տարեկան մոտ 2,2–2,7 միլիարդ խորանարդ մետր։ Գազը մատակարարվում է 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար (15 000 ռուբլի) ֆիքսված սակագնով առանց արտահանման մաքսատուրքերի կիրառման։ Բացի այդ, Հայաստանը ռուսական նավթամթերքներն է ներկրում առանց մաքսատուրքերի։ Մինչդեռ «եվրոպական» գազի գները գերազանցում են 600 դոլարը (50 000 ռուբլի) 1000 խորանարդ մետրի դիմաց։
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էր հայտարարել, որ Երևանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ հանրապետության համար։ Նա նշել էր, որ Հայաստանի համար ամենավատ սցենարը կլինի Ուկրաինայի օրինակին հետևելը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am