«Միջուկային պարադոքսը․ Ատոմակայան Թուրքիայի համար, փորձարկում Հայաստանի համար»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեպտեմբերի 29-ին Երևան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը կրկին օրակարգ է մտցրել Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագայի հարցը, գրում է eurasiatoday.ru–ն։ Ռուսաստանն առաջարկել է կառուցել VVER-1000 տիպի նոր էներգաբլոկ առնվազն 1000 ՄՎտ հզորությամբ։ Հատկանշական է այն, որ խոսքը գնում է կոմերցիոն առումով ապացուցված արդյունավետություն ունեցող ռեակտորների ընտանիքի մասին, որոնց տեխնոլոգիաներն արդեն իսկ կիրառվում են Ռուսաստանում, Հնդկաստանում և Իրանում։ Բացի այդ, ռուսական կողմն առաջարկել է կառուցման միջազգային մոդել, որը կարող է ներառել արտադրողների Ֆրանսիայից, Հարավային Կորեայից և Չինաստանից։
Միաժամանակ, «Ռոսատոմ»-ը շարունակում է աշխատանքները ուղղված Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն։ Ռուսաստանն առաջարկում է ոչ միայն նոր օբյեկտ, այլ նաև տեխնոլոգիական շարունակականություն հիմնված առկա ենթակառուցվածքների և հայ միջուկային էներգետիկայի մասնագետների փորձառության վրա։
Իսկ ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ը։ Փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում փոխնախագահ Ջ. Դ. Վենսը հնչեցրել էր տպավորիչ թիվ, մինչև 9 միլիարդ դոլարի հնարավոր համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում։ Այդ գումարից մինչև 5 միլիարդ դոլարը նախատեսված է ԱՄՆ-ից արտահանման համար, իսկ ևս 4 միլիարդը ներառում է վառելիքի և տեխնիկական սպասարկման երկարաժամկետ պայմանագրեր։ Սակայն կա մի նրբերանգ․ Հայաստանը դեռևս չի ստացել ամերիկյան ատոմակայանի նախագծի համար հայտարարված միլիարդները։ Ավելին հանրությանը չեն ներկայացվել ո՛չ կայանի նախագիծը, ո՛չ հաստատված նախահաշիվը, ո՛չ ֆինանսավորման կոնկրետ մոդելը, ո՛չ էլ այդ միջոցները հատկացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից որևէ պաշտոնական պարտավորություն։ Խոսքը համագործակցության հեռանկարների, այլ ոչ թե ատոմակայանի կառուցման վերջնական պայմանագրի մասին է։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը խթանում է փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) կիրառումը, որոնց կոմերցիոն կենսունակությունը դեռևս ապացուցված չէ։ Սա չի նշանակում, թե մոդուլային ռեակտորները ապագա չունեն, սակայն հարց է առաջանում, թե արդյո՞ք կոնկրետ Հայաստանը պետք է ծառայի որպես փորձադաշտ ամերիկյան նոր տեխնոլոգիաների առևտրային կիրառման համար, երբ որպես այլընտրանք առկա են արդեն իսկ ապացուցված և գործող ռեակտորային լուծումներ։
Տարածաշրջանային պարադոքսը նույնպես խոսուն է։ Տարիներ շարունակ Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են փակել Մեծամորի ատոմակայանը պատճառաբանելով բնապահպանական ռիսկերն ու միջուկային անվտանգության հետ կապված մտահոգությունները։ Մինչդեռ Թուրքիան ինքն է կառուցում «Աքքույու» ատոմակայանը ռուսական «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ և մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ։ Նախագիծը ներառում է VVER-1200 տիպի չորս էներգաբլոկ ընդհանուր 4800 ՄՎտ հզորությամբ, ակնկալվում է, որ լրիվ հզորության հասնելու դեպքում դրանք կբավարարեն երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 10%-ը։
Ուշագրավ պատկեր է ստացվում. Անկարան օգտագործում է ռուսական միջուկային տեխնոլոգիաները սեփական էներգետիկ ոլորտը զարգացնելու համար միաժամանակ դեմ հանդես գալով Հայաստանում միջուկային էներգիայի արտադրության շարունակական կիրառմանը։
Հայաստանն իսկապես նոր ատոմակայանի կարիք ունի, բայդ դրա կառուցման որոշումը պետք է հիմնված լինի տեխնոլոգիական հուսալիության, կառուցման ծախսերի, ազգային էներգահամակարգի հնարավորությունների և երկարաժամկետ երաշխիքների վրա, այլ ոչ թե բացառապես աշխարհաքաղաքական նախապատվությունների հաշվարկով։
«Ռոսատոմ»-ի առաջարկը լուրջ քննարկման է արժանի. ռուսական VVER շարքի ռեակտորներն ունեն արդյունաբերական շահագործման տասնամյակների փորձ, իսկ հայ մասնագետները ունեն այդ տեխնոլոգիական հարթակի հետ աշխատելու մեծ փորձառության։ Միաժամանակ, առաջարկվող 1000 ՄՎտ հզորությամբ բլոկի դեպքում անհրաժեշտ է առանձին գնահատում կապված Հայաստանի էներգահամակարգի կայունության հետ։ Սակայն, ինչպես իրավացիորեն նշել է Լիխաչովը, նոր ատոմակայանի հզորությունը որոշելիս պետք է հաշվի առնել ոչ միայն էլեկտրաէներգիայի ընթացիկ սպառումը, այլ նաև երկրի զարգացման հեռանկարները։ Ի վերջո, ատոմակայանը կառուցվելու է տասնամյակներ շարունակ ծառայելու համար, ուստի դրա հզորությունը պետք է բավարար լինի ապահովելու տնտեսության, արդյունաբերության և էներգիայի սպառման ապագա աճը։ Այլ կերպ ասած կառուցումը չպետք է հիմնված լինի միայն ընթացիկ կարիքների վրա, այլ պետք է իրականացվի հաշվի առնելով ապագան։
Վերջնական հաշվով խնդիրը բավականին պարզ է. Հայաստանին անհրաժեշտ են իրական մեգավատներ, հստակ ֆինանսավորում և երաշխավորված էներգետիկ անվտանգություն, այլ ոչ թե գեղեցիկ հայտարարություններ միլիարդների մասին, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am