Ծանոթ ու միարժամանակ անհայտ… Ծրար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾրարը թղթերի կամ հարթ առարկաների պահպանման, փոխանցման պատյան է, իսկ ամենատարածվածները փոստային ծրարներն են (նամակ)։ Ըստ վիճակագրական ճշգրիտ գիտության, ամբողջ աշխարհում օրական փոխանցվում է ավելի քան 3 միլիոն նամակ: Զարմանալի է, բայց բջջային կապի այս դարաշրջանում, երբ մարդիկ ավելի ու ավելի քիչ են օգտվում փոստային ծառայություններից, այնուամենայնիվ փոստարկղերը անընդհատ լցված են գովազդային նամակներով, հաշիվ-ապրանքագրերով, բիզնես փաստաթղթերով, կատալոգներով և այլն: Եվ այս ամբողջ նամակագրությունը իրականացվում է փոստային ծրարներով: Իսկ ե՞րբ է հայտնվել ծրարը, քանի՞ դար է անցել դրանից: Լուվրի թանգարանում պահպանվում են ամենահին ծրարները, որոնց հնագետներին հաջողվել է գտնել Սիրիայում պեղումների ժամանակ: Սեպագիր տառերը գրվել են կավե սալիկների վրա, թրծվել, այնուհետև ծածկվել կավե շերտով, որից հետո գրվել է «հասցեն» և նորից թրծվել: Նման նամակը կարդալու համար հասցեատերը ստիպված է եղել ջարդել կավե «ծրարը»: Հին ժամանակներում կարելի է ասել յոլա են գնացել առանց ծրարի: Նամակները գրվել են մոմապատ սալիկների վրա, որից հետո սալիկները դրվել են իրար վրա և կապվել թելով, որը եղել է կնքված: Հույները նման նամակները կնքելու համար համար օգտագործել են կավի և մոմի խառնուրդ, մինչդեռ հռոմեացիները միայն մոմ: Կնիքի գույնը խոսել է նամակի բովանդակության մասին. հարսանեկան հրավիրատոմսերը եղել են սպիտակ, իսկ ողբերգական հաղորդագրությունները սև: Ավելի ուշ, կնիքներ սկսել են պատրաստել կապարից և նույնիսկ թանկարժեք մետաղներից`արծաթից և ոսկուց: Մետաղի բարակ շերտը ծռել են սալիկների եզրին և դրոշմել: Նման կերպ ապահովվել է ամակագրության գաղտնիությունը: Մագելանի արշավախումբը Չինաստանից Եվրոպա է բերել արտասահմանյան կպչուն նյութ, որը հետագայում կոչվել է կնքման մոմ, կամ սուրգուչ: Միայն մի քանի արհեստավոր էին ունակ պատրաստել այն, այնպես որ նման կնիքներ դրվում էին միայն կարևոր անձանց նամակների վրա: Նամակը կարդալու համար անհրաժեշտ էր կոտրել կնիքը, որտեղից էլ առաջացել է «բացել նամակը» արտահայտությունը: 17-րդ դարի կեսերից մոմային կնիքների վրա սկսել են դնել շտեմպներ, ինչը ևս պայմանավորված է եղել գաղտնիության անհրաժեշտությամբ: Թղթի ծրարները հայտնվել են միայն 1820 թվականին, իսկ մինչ այդ նամակագրությունը գրվել է թղթի վրա, այնուհետև ծալվել որոշակի ձևով և կնքվել: Թղթի արտադրությամբ զբաղվող և վաճառական բրեյթոնցի Բրեվերը հատուկ նամակների համար փոքր խմբաքանակի ծրարներ է պատրաստել և դրանք անվճար բաժանել իր հաճախորդներին: Պարզվել է, որ դրանց պահանջարկը մեծ է, բոլորն են ցանկացել իրենց նամակները ուղարկել նոր մոդայիկ ծրարների մեջ դրված: Սկզբում ծրարները սկսել են պատրաստել ձեռքով, սակայն պահանջարկի աճի արդյունքում Լոնդոնում ստեղծվել է առաջին ծրար արտադրող մեքենան, որը ունակ էր ստեղծել փոքր ծրարներից (այցեքարտերի համար) մինչև մեծ ծրարներ: Դրանք այն ժամանակ էլ շարունակվել են փակվել սուրգուչով, մինչև ֆրանսիացի Պաիրյեն չի մտածել ծրարը ուղղակի սոսնձել: 19-րդ դարի վերջին բրիտանացիները ներմուծել են բազմագույն ծրարների նորաձևության, ծրարները նշանակել են շաբաթվա օրեր՝ երկուշաբթին ծովային ալիքի գույն, երեքշաբթին` թույլ վարդագույն, չորեքշաբթին` մոխրագույն, հինգշաբթին` բաց կապույտ, ուրբաթը` արծաթագույն, շաբաթը` դեղին, իսկ կիրակին` սպիտակ: Նամականիշները ևս հատուկ տեղ են գրավում ծրարի պատմության մեջ, դրանք մշտապես ճանապարհորդել են աշխարհով մեկ ծրարների հետ, և այդ իսկ պատճառով նրանց վրա պատկերվել է ամեն ինչ ինչ հնարավոր է տեսնել: Հայտնի է, որ մեր ժամանակներում հին նամականիշները դարձել են մեծարժեք: Այնուամենայնիվ, երկրի խոշորագույն աճուրդներում վաճառքի են ներկայացվում ոչ միայն նամականիշերը, այլ նաև հին ծրարները: Հետևաբար, երբ դասավորում եք տատիկի իրերը, մի շտապեք հին ծրարները նետել, լավ դիտեք դրանց: Ով գիտի, թե ինչ գաղտնիքներն են պարունակում այդ ծրարները և ինչ արժեք ունեն:

Կ.Խաչիկյան