«Հայաստանը կորցրել է հազարավոր տոննաներ քաղցրահամ ջրի իշխանի արտահանման հնարավորությունը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանը առնվազն երկու տարով զրկվել է հազարավոր տոննա իշխան արտահանելու հնարավորությունից։ Այս իրավիճակի մասին ura.news-ին հայտնել է Հյուսիսային ավազանի մերձափնյա ձկնորսական ձեռնարկությունների միջտարածաշրջանային ասոցիացիայի խորհրդի նախագահ Վալենտին Բալաշովը։
«Հայաստանում աճեցվող և Ռուսաստան արտահանվող քաղցրահամ ջրի իշխանի ծավալը կազմում էր տարեկան մոտ յոթ հազար տոննա։ Թեև հանրապետության համար դա զգալի ծավալ էր, բայց Ռուսաստանի Դաշնության համար այն չնչին է։ Մեր շուկայի վրա դրա միակ դրական ազդեցությունը մրցակցության ոլորտում է, մասնավորապես ձկնամթերքի գների աճը զսպելու հարցում։ Սակայն սա երկրորդական գործոն է։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներ այդ ձուկը մատակարարելուն, ապա այնտեղ ևս Հայաստանի հեռանկարները մռայլ են»,- ասել է Բալաշովը։
Խնդիրն այն է, որ գոյություն ունեն անասնաբուժական և սանիտարական կոնկրետ պահանջներ, ինչպես նաև վերահսկող մարմինների կողմից սահմանված կանոնակարգեր, որոնք կարգավորում են սննդամթերքի վաճառքը Եվրոպական միության շուկաներում, շարունակել է փորձագետը։ Այդ չափանիշներին հարմարվելը արագ հնարավոր չէ. լավագույն դեպքում գործընթացը տևում է երեքից հինգ տարի, հավելել է նա։ «Նույնիսկ եթե Հայաստանը մուտք գործի եվրոպական շուկա իր արտադրանքով, նրան դժվար կլինի մրցակցել այնտեղ տարիներ շարունակ գործող կայացած խաղացողների հետ։ Այն հեղեղված է նորվեգական, ֆարերյան և չիլիական ձկնատեսակներով», — հստակեցրել է Բալաշովը։
Մերձբալթյան երկրները, հավանաբար, հայկական ձուկ արտադրողներին արտոնյալ հասանելիություն կտրամադրեն իրենց շուկաներում, սակայն ծավալները կլինեն շատ փոքր և անբավարար օգնելու Հայաստանին փոխհատուցել այն կորուստները, որոնք առաջացել են Ռուսաստան այդ արտադրանքի արտահանման դադարեցման հետևանքով, բացատրել է մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանից Ռուսաստան ձկան և ձկնամթերքի ներկրման արգելքը շարունակում է գործել։ 2026 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ «Ռոսսելխոզնադզորը» պահպանել է սահմանափակումները, քանի որ հայկական կողմը դեռևս չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ խախտումներն իրականում վերացվել են։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am