Կռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուս քաղաքագետ և Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կռիլովը հայտարարել է, որ Եվրոպական միությունը պահանջում է Երևանից ամբողջությամբ խզել քաղաքական, տնտեսական, առևտրային և ռազմական կապերը Մոսկվայի հետ, գրում է ritmeurasia.ru-ն։
Նրա կարծիքով իրավիճակի վրա ազդում է այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրություններն ավարտվել են, և Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության, իսկ դա նշանակում է, որ Արևմուտքն այլևս կարիք չունի անհանգստանալու Ռուսաստանի հետ կտրուկ խզման վերաբերյալ հանրության արձագանքի համար։
«Հենց Հայաստանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի պատճառով է, որ նրա «եվրոպական դաշնակիցները» հնարավորություն են ստացել ավելի մեծ ճնշում գործադրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա պահանջելով հետևել այն քաղաքականությանը, որը Եվրոպական միությունը վարում է Ռուսաստանի նկատմամբ», - ասել է փորձագետը։
Նա նաև նշել է, որ ԵՄ քաղաքականությանը հետևելը ենթադրում է Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունների խզում, և, հաշվի առնելով զարգացող իրադարձությունների տրամաբանությունը, շուտով օրակարգ կմտնի Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայության հարցը։ Կռիլովը կանխատեսում է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացում առանց լիակատար խզման հասնելու, սակայն հանգեցնելով կապերի նվազագույնի հասցմանը։ Երկարաժամկետ հեռանկարում քաղաքագետը մատնանշել է Հարավային Կովկասում նոր խաղացողների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի և Իսրայելի հայտնվելը, որոնք տարածաշրջան են մտնում սեփական շահերով և հակասություններով։ «Կարելի է մեծ վստահությամբ ասել, որ Ուկրաինայի հակամարտությունը շուտով կտարածվի նաև կովկասյան հողի վրա», - կարծում է նա։
Ըստ Կռիլովի Հայաստանը հայտնվել է խոցելի դիրքում, քանի որ ամբողջությամբ կախված է իր իսկ եվրոպական ձգտումներից։ Նա նաև նշել է, որ Չինաստանը, կարծես, խաղադրույք է կատարում «Միջին միջանցքի» վրա (որն անցնում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով) և հավանաբար չի համաձայնի TRIPP նախագծին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am