Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ օրվա սակարկություններն հիմնականում ավարտել են աճով, բացառություն է կազմել ֆրանսիական ցուցանիշը։
Տարածաշրջանի շուկաներին աջակցել է ռիսկի դիմելու հակվածության ընդհանուր աճը՝ պայմանավորված նավթի գների նվազմամբ, ինչը մեղմել է գնաճային ճնշման ուժեղացման մտավախությունները։
Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 ամփոփ ինդեքսը, շուկայի փակման տվյալներով, բարձրացել է 0,35%-ով՝ հասնելով 638,65 կետի։
Բրիտանական FTSE 100-ն ավելացրել է 0,14%-ով, գերմանական DAX-ը՝ 0,56%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 0,63%-ով, իսպանական IBEX 35-ը՝ 0,65%-ով, իսկ ֆրանսիական CAC 40-ը կորցրել է 0,1%-ից պակաս:
Ուրբաթ օրը հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տվել Մեծ Բրիտանիայում սպառողական վստահության աճ և Գերմանիայում՝ դրա նվազում։
Մասնավորապես, NIQ GfK վերլուծական ընկերության կողմից հաշվարկվող բրիտանական սպառողական վստահության ինդեքսը սեպտեմբերին նախորդ ամսվա մինուս 14 կետից բարձրացել է՝ հասնելով վերջին երկու տարվա առավելագույն ցուցանիշին՝ մինուս 13 կետի:
Գերմանիայում սպառողական վստահության հոկտեմբերյան ինդեքսը (կանխանշող ցուցանիշ), որը նույնպես հաշվարկվում է GfK-ի կողմից, սեպտեմբերի մինուս 26,8 կետից նվազել է մինչև մինուս 30,6 կետ:
Stoxx Europe 600-ի բաղադրիչների շրջանում աճի առաջատար են դարձել ֆրանսիական Alten ինժեներախորհրդատվական ընկերության բաժնետոմսերը (+7,7%), որը նախօրեին հրապարակել էր առաջին կիսամյակի հաշվետվությունը։ Հունվար-հունիսին Alten-ի գործառնական շահույթն աճել է 26,9%-ով, իսկ զուտ շահույթը՝ 37,8%-ով։
Բեռնամբարձ տեխնիկա մատակարարող ֆիննական Konecranes ընկերության շուկայական արժեքն աճել է 7,4%-ով. ընկերությունը հայտարարել էր մինչև 100 մլն եվրոյի չափով բաժնետոմսերի հետգնման ծրագիր մեկնարկելու, ինչպես նաև 2030 թվականի թիրախային ցուցանիշները բարձրացնելու մասին։
Գերմանական Evonic Industries AG քիմիական ընկերության արժեթղթերի գինը, որը միաձուլման առաջարկ էր ստացել մրցակից BASF-ից, աճել է 7,2%-ով: BASF-ի բաժնետոմսերն էժանացել են 3,6%-ով:
Սակարկությունների արդյունքներով դրական դինամիկա են դրսևորել բանկերի, այդ թվում՝ Raiffeisen Bank-ի (+2,6%), UBS Group-ի (+3,5%), Commerzbank-ի և Deutsche Bank-ի (+2,7%), Societe Generale-ի (+3,5%), UniCredit-ի (+2,2%) ու Lloyds Banking Group-ի (+1,7%) բաժնետոմսերը:
Աճել են նաև կիսահաղորդչային ոլորտի ներկայացուցիչների՝ STMicroelectronics-ի (+0,5%), ASML Holding-ի (+1,3%), Infineon Technologies-ի (+0,8%) և ASM International-ի (+1,4%) արժեթղթերի գնանշումները:
Վստահորեն թանկացել են լեռնահանքային Endeavour Mining (+1,6%), Glencore (+2,2%) և Anglo American (+1,6%) ընկերությունների բաժնետոմսերը:
Նավթային ընկերությունների արժեթղթերը սակարկություններն ավարտել են անկումով՝ նավթի գների նվազման ֆոնին: Var Energi-ի շուկայական արժեքն ընկել է 4,1%-ով, BP Plc-ինը՝ 2,3%-ով, TotalEnergies-ինը՝ 1,3%-ով, իսկ Shell-ինը՝ 0,8%-ով:
Ֆրանսիական Airbus ավիատիեզերական կոնցեռնի կապիտալիզացիան նվազել է 1%-ով այն տեղեկությունների ֆոնին, որ ընկերության հարյուրավոր A321neo ինքնաթիռների ֆյուզելաժներում արտադրական թերություն է հայտնաբերվել: Ընկերությունը հայտարարել է, որ խնդիրը կապված է ծածկույթի հետ և թռիչքների անվտանգության համար անմիջական վտանգ չի ներկայացնում: