Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵվրոպական միությունը մտադիր է մինչև 12 միլիարդ եվրոյի չափով պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել «Միջին միջանցքի»՝ տրանսպորտային այն երթուղու զարգացման համար, որը նախատեսված է Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը եվրոպական շուկային ուղղակիորեն կապելու նպատակով։ Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, գրում է bb.lv-ն։
«Միջին միջանցքը» կամ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին անցնում է Ասիայից՝ Ղազախստանից, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով, որից հետո բեռները կարող են Թուրքիայի կամ Սև ծովի միջոցով հասնել ԵՄ երկրներ։ Երթուղու առանցքային աշխարհաքաղաքական առանձնահատկությունն այն է, որ այն չի անցնում Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքով։ «Սա կլինի տրանսպորտային կապի նոր միջազգային նախագիծ։ Այն ուղղակիորեն կկապի Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան եվրոպական շուկայի հետ, սա այն է, ինչը մենք անվանում ենք «Միջին միջանցք»», - հայտարարել է ֆոն դեր Լայենը «Միության վիճակի մասին» իր ամենամյա ելույթի ընթացքում։ Նրա խոսքով ներդրումներն իրականացվելու են եվրոպական «Global Gateway» («Գլոբալ դարպաս») ծրագրի շրջանակում։ Բրյուսելը նպատակ ունի մինչև 2030 թվականը եռապատկել այդ երթուղով իրականացվող բեռնափոխադրումների ծավալը և զգալիորեն կրճատել ապրանքների առաքման ժամկետները։ Նախաձեռնությունը ենթադրում է ոչ միայն մեկ նոր երկաթուղու, այլ նաև երկաթուղային, ավտոճանապարհային, նավահանգստային և ծովային երթուղիների ամբողջական ցանցի կառուցում, ինչպես նաև օժանդակ ենթակառուցվածքների զարգացում։
Ընդ որում «Միջին միջանցքն» արդեն իսկ գործում է։ Եվրոպական հանձնաժողովի տվյալներով այն ձգվում է մոտ 7000 կիլոմետր՝ ի տարբերություն «Հյուսիսային միջանցքի»: Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերջին հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե որպես երթուղու ստեղծում «զրոյից», այլ որպես դրա լայնածավալ ընդլայնման և ռուսական տարանցիկ ուղիներին կենսունակ այլընտրանքի վերածվելու նոր փուլ։
Եվրոպական միության համար այս նախագիծն ունի տնտեսական ոլորտից դուրս գտնվող նշանակություն։ Այն հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել Ասիայի հետ ցամաքային կապերը, նվազեցնել Ռուսաստանի տարածքով անցնող ուղիներից կախվածությունը և ամրապնդել հասանելիությունը դեպի Կենտրոնական Ասիա՝ ներառյալ վերջինիս հումքային պաշարները։ ԵՄ փաստաթղթերն արդեն իսկ «Միջին միջանցքը» բնութագրում են որպես Եվրոպայի և Ասիայի միջև գնալով ավելի կարևոր նշանակություն ձեռք բերող տրանսպորտային կապ։
Լատվիայի և մյուս բալթյան պետությունների համար, սակայն, կա նաև բացասական կողմ. որքան ավելի շատ ասիական բեռներ Եվրոպան ուղղի Կովկասի, Թուրքիայի և Սև ծովի տարածքով, այնքան կնվազի Ռուսաստանի և Բելառուսի տարածքով անցնող ավանդական ուղիների ռազմավարական անհրաժեշտությունը, իսկ դրանք այն ուղիներն են, որոնք պատմականորեն կապված են եղել բալթյան նավահանգիստների հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am