Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳործադիրը հաստատել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիրի կառուցման և հետագա պահպանման համար Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ ծրագիրը։ Այն միտված է հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը: Ծրագրի արդյունավետ իրականացումը կարող է խթան հանդիսանալ մասնավոր հատվածի հետ կրթության ոլորտում նոր ծրագրերի, մասնավորապես՝ նոր կրթական կառույցների ձևավորման և դրանց շահագործման արդյունավետ իրականացման համար։ Ընկերակցությունն առաջարկվել է Վարդենիսում կառուցել կրթահամալիր, որն իր մեջ կներառի 300 տեղ հզորությամբ դպրոց, 150 տեղ հզորությամբ նախադպրոցական հաստատություն և 60 տեղ հզորությամբ երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոն: Հաշվի առնելով համայնքում դպրոցահասակ երեխաների թվաքանակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել է, որ կրթահամալիրի դպրոցի մասնաշենքը կառուցվի 700 տեղ հզորությամբ՝ միաժամանակ ստանձնելով առաջացող գումարային տարբերության ֆինանսավորումը՝ որոշակի վերապահումներով: Այպիսով, Կառավարությունը, ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ընկերակցության հետ կկնքի նվիրաբերության պայմանագիր և կնվիրաբերի ընկերակցությանը լրացուցիչ 400 աշակերտի համար համապատասխան շենքային ենթակառուցվածքների ստեղծման և հետագա պահպանման համար անհրաժեշտ գումարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ինչպես Կրթության զարգացման պետական ծրագրով, այնպես էլ Կառավարության նոր ծրագրով առանձնահատուկ շեշտադրված է կրթության ոլորտում մասնավորի հետ աշխատանքների խրախուսումը և տարբեր ձևաչափերով մասնավորի ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը»։
Ըստ նախարարի՝ ընդունված որոշումն այս քաղաքականության շրջանակում է։ «2029 թվականի սեպտեմբերին Վարդենիսում թե՛ դպրոցականները, թե՛ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն կունենան հաճախելու ամբողջությամբ հագեցած, ժամանակակից պայմաններով կրթահամալիր, որտեղ կիրականացվի բարձրորակ կրթություն»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: