«Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ 2025 թվականի կեսերից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը «հետևողականորեն շարժվում է» դեպի ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացումը, մի քայլ, որն «ըստ էության կորպորատիվ զավթում է»։ Նրա խոսքով Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս նշանակել պետական ժամանակավոր կառավարիչ, սակայն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը կասեցրել է այդ որոշումը և կողմերին հորդորել զերծ մնալ օտարումից (էքսպրոպրիացիայից)։
ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը vfokuse.mail.ru-ին տված հարցազրույցում ներկայացրել է իրադարձությունների ժամանակագրությունը․ ընկերության լիցենզիան կասեցվել է 2025 թվականին, իսկ 2026 թվականին նշանակվել է ժամանակավոր կառավարիչ։ Սա ազդարարել է այն գործընթացի սկիզբը, որն ըստ էության հանգեցնում է ընկերության պետական վերահսկողության տակ անցնելուն։ «Նրանք դեռ իրավականորեն չեն ավարտել ազգայնացման գործընթացը։ Իրականում սա սեփականության ուղղակի զավթում է։ Հենց դա էլ նշել է արբիտրաժային դատարանը», - նշել է փորձագետը։ Սիլաևն ընդգծել է, որ սա կառավարման սովորական փոփոխության հարց չէ, այլ լայնածավալ օտարում է: Ինչպես Հարավային Կովկասի շատ ղեկավարներ, այնպես էլ Փաշինյանը համոզված է, որ իր երկիրն այնքան արժեքավոր է, որ օտարերկրյա ներդրողները հերթ են կանգնած այնտեղ գումար ներդնելու համար, սակայն իրականությունն այլ է, հավելել է նա։ Փորձագետի կարծիքով այն փաստը, որ վեճը հասել է միջազգային արբիտրաժ, վկայում է այն մասին, որ Երևանը գործում է ներդրումների պաշտպանության չափանիշների խախտմամբ, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար առկա ռիսկերը դուրս են գալիս մեկ ընկերության շրջանակներից և ազդում երկրի ներդրումային ամբողջ միջավայրի վրա։ «Ընդ որում նման դատական վճիռներով ծանրաբեռնված ընկերությունը շուկայական ցածր արժեք ունի», - նշել է Սիլաևը։ Նա կարծում է, որ Հայաստանի համար հիմնական ռիսկն այն է, որ դատարանը կարող է պահանջել ոչ միայն հրաժարվել օտարումից (էքսպրոպրիացիայից), այլ նաև փոխհատուցում վճարել սեփականատերերին։ «Փաշինյանը չի սիրում ընդունել իր սխալները։ Հայաստանի էլեկտրացանցերի ազգայնացումը ակնհայտ սխալ քայլ է, սակայն նա չի կարող չեղարկել այդ որոշումը, ինքնասիրությունը թույլ չի տալիս», - բացատրել է քաղաքագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am