Մոսկվան և Երևանը մոտենում են «ամուսնալուծության»–ը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեպտեմբերի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ բանակցություններ են վարել ԵԱՏՄ–ում Երևանի ապագայի վերաբերյալ: Ըստ Հայաստանի վարչապետի ամեն ինչ լավ է ընթացել, և նրան նույնիսկ հրավիրել են Մոսկվա քննարկումները շարունակելու համար: Սակայն սա դատողություն է, որի հետ ոչ բոլորն են համաձայն, գրում է ng.ru–ն:
Ընդհանուր առմամբ, նախագահի և վարչապետի միջև զրույցի հրապարակային մասը հանգեցրել է այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի եվրոպական ինտեգրման հանձնառությունը հակասում է ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Պուտինը դա համարել է խնդիր և առաջարկել է իր գործընկերոջը հանրաքվե անցկացնել հետագա սրացումից խուսափելու համար: Ըստ երևույթին, նա կասկածում է, որ ստեղծված իրավիճակում հայերի մեծամասնությունը դեմ կքվեարկեն եվրոինտեգրմանը, և դրանով էլ հարցը կփակվի: Իր հերթին, Փաշինյանը չի փորձել թաքցնել այն փաստը, որ ժողովուրդը դեռևս պատրաստ չէ կայացնել այն որոշումը, ինչը ինքը անձամբ համարում է ճիշտ որոշում, և, հետևաբար, հանրաքվե չի լինի: Ըստ նրա եվրոինտեգրման օրենքը նախաձեռնել էր քաղաքացիական հասարակությունը, ընդունել Ազգային ժողովը և դրանով փաստացի հրաժարվել հանրաքվեի գաղափարից։
Կարելի է խորանալ այն բանի մեջ, թե ինչպե՞ս է այդ ամենը համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին և եվրոպական արժեքներին, որոնք այդքան գնահատում է Հայաստանի ղեկավարը, բայց օրակարգում կան ավելի հրատապ հարցեր։ Օրինակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում առկա են ինչպես գործող հաջողակ ռուսական ընկերությունները, որոնք զարգանում և զգալի շահույթ են բերում հանրապետությանը, այնպես էլ նրանք, ովքեր չեն կարող պարծենալ դրանով։ Դա հստակ ակնարկ է «Հայկական երկաթուղիներ»–ի մասին, որը վերահսկվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ»–ի կողմից, որն էլ «Ռուսական երկաթուղիներ»–ի դուստր ձեռնարկությունն է։
Հատկանշական է այն, որ 2018 և 2019 թվականներին Հայաստանի իշխանությունները «Հայկական երկաթուղիներ»-ին կասկածում էին հարկերից խուսափելու մեջ։ Ի պատասխան Մոսկվան սպառնաց էր հրաժարվել այդ ընկերության նկատմամբ իր իրավունքներից, և ճնշումը դադարեց։ Սակայն այն ժամանակ աշխարհաքաղաքական իրականությունը բոլորովին այլ էր, և Փաշինյանը ևս անդրադարձել է դրան, թեև առանց «Ղարաբաղ» բառը օգտագործելու։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, և մենք կարծում ենք, որ պետք է իրավիճակին նայենք այդ տեսանկյունից, քանի որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, հակամարտություններով լի միջավայրում այլ իմաստ ունեին։ Այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մենք կարծում ենք, որ պետք է նորովի նայենք իրավիճակին», - ասել է նա։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը չի կարող հեռացվել ԵԱՏՄ-ից, նաև մտադիր չէ դուրս գալ այդ կազմակերպությունից, քանի դեռ նրան չեն հրավիրել անդամակցել ԵՄ-ին։ Հայաստանի ղեկավարի խոսքով այդ մոտեցման մեջ որևէ հակասություն չկա, և Պուտինի կասկածները ցրելու համար ինքը պատրաստ է Մոսկվայում վերանայել կնքված բոլոր համատեղ համաձայնագրերը։
Ռուսաստանի նախագահը չի համոզվել։ Նա հիշեցրել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Մոսկվան լավ հարաբերություններ ուներ Եվրոպայի հետ, նրան չհաջողվեց համաձայնության գալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության շուրջ։ «Այդ առումով, անշուշտ, խնդիրներ կառաջանան կապված եվրոպական ապրանքների, ծառայությունների և այլնի՝ Հայաստանի միջոցով մեր շուկա մուտք գործելու հետ։ Հազար հարց կա», - բացատրել է Պուտինը։ Փաշինյանի հետ զրույցից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն հայտնեն, Մոսկվան նույնիսկ պատրաստ է դուրս բերել իր ռազմաբազան Շիրակից։ Նա նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը չի կարողացել պաշտպանել Հայաստանը ադրբեջանական ագրեսիայից 2021 և 2022 թվականներին, քանի որ հայ-ադրբեջանական սահման չկար, ինչը անհնար էր դարձնում որոշել, թե ով ում տարածքում է գտնվում։
Հարավային Կովկասում նոր իրականության վերաբերյալ, որի մասին Փաշինյանը նշել էր բանակցությունների ժամանակ, Ռուսաստանի նախագահը բազմաթիվ առավելություններ է տեսնում Երևանի համար։ «Մենք կարող ենք էջը շրջել և առաջ շարժվել առանց որևէ հակամարտության, առանց որևէ բանի, և մարդկանց բնակեցնել իրենց նոր բնակության վայրերում»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ, բանակցություններից հաջորդ օրը ԵՄ խորհուրդը համաձայնել է երկու տարի ժամկետով միջոցներ ձեռնարկել հայկական արտադրանքի առևտրի ազատականացման համար։ Բրյուսելը ընդգծել է, որ հայկական ապրանքների մատակարարման վրա Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումներին ի պատասխան ԵՄ-ն արտոնյալ ռեժիմ է սահմանում Երևանից արտահանման 80%-ի համար։
Ինչպես ng.ru-ի հետ զրույցում ասել է Կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը, այդ միջոցառումները, հավանաբար, որևէ էական դրական ազդեցություն չեն ունենա 2026 թվականին, քանի որ մրգերի և բանջարեղենի աճեցման սեզոնն ավարտվում է։ Նա նաև կարծում է, որ Բրյուսելի որոշումը չի սրի Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև հակամարտությունը, քանի որ հայկական արտահանումը ԵՄ չի վնասում ԵԱՏՄ–ի շահերին։
«Բանակցությունների վերաբերյալ, Փաշինյանը և Պուտինը համաձայնել են վերանայել հայ-ռուսական հարաբերությունները։ Սա, հավանաբար, գլխավոր դրական նորությունն է, որը նշել է նաև Հայաստանի վարչապետը։ Վերջիվերջո, Մոսկվան կարող է ընդհանրապես հրաժարվել բանակցություններից և պարզապես միակողմանիորեն դադարեցնել համագործակցությունը», - նշել է Մելքոնյանը։
Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, Երևանը սկսել է Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակի իջեցման ուղին։ Դա կազդի բոլոր ոլորտների, այդ թվում պաշտպանության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և առևտրի վրա։ «Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա պետք է որոշի, թե արդյո՞ք ցանկանում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, թե՞ պատրաստ է «ամուսնալուծության»։ Երկրները կարող են բաժանվել քաղաքակիրթ ձևով, ինչպես ցանկանում է Երևանը, կամ ամաններ ջարդելով։ Շատ բան, հավանաբար, կախված կլինի բանակցությունների հաջորդ փուլից։ Հնարավոր է, որ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար Փաշինյանը կցանկանա մինչ այդ հանդիպել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, ով հոկտեմբերին այցելելելու է Երևան։ Դրանից հետո հնարավոր կլինի որոշակի եզրակացություններ անել այն մասին, թե ի՞նչ կլինի դեկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում», - ասել է Մելքոնյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am