Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉեխիան կփորձի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու, տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հարցում։ Պրահայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
Չեխիայի նախագահ Պետր Պավելն այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ նախագահական նստավայրում հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։
Չեխիայի նախագահը հայտարարել է՝ ողջունում է Հայաստանի քայլերը Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Նա շեշտել է, որ Ռուսաստանն օգտագործում է իր ունեցած ազդեցությունը, ճնշումներ է գործադրում հարևան երկրների վրա և թույլ չի տալիս, որ նրանք հարաբերություններն ընդլայնեն այլ երկրների հետ։
«Հայաստանը ռուսական շուկայից մեծ կախվածություն ունի, և մենք կփորձենք աջակցել, որպեսզի երկիրը կարողանա նվազեցնել այդ կախվածությունը»,- ասել է Պավելը՝ հիշեցնելով, որ Եվրամիության խորհուրդը նախօրեին որոշում էր ընդունել Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսի համար ազատականացնել Եվրամիության շուկան՝ երկու տարի ժամկետով վերացնելով դրանց համար մաքսատուրքերը։
Չեխիայի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության ներուժ է տեսնում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, անվտանգությունը։
«Մենք այս հարցերի վրա ուշադրություն ենք դարձնում մեր հանդիպումների ընթացքում, և հույս ունեմ առաջիկայում կունենանք կոնկրետ արդյունքներ»,- ասել է Պավելը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Չեխիայի նախագահ Պետր Պավելի հանդիպումը կայացել է սեպտեմբերի 3-ին նախագահական նստավայրում` Պրահայի ամրոցում. առանձնազրույցին հաջորդել են պատվիրակությունների ընդլայնված կազմով քննարկումները։
Նախագահների մամուլի ասուլիսին հաջորդել է Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ Վալդշտեյն պալատում։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։
Ապա քննարկումները կշարունակվեն նաև Պատգամավորների պալատում. ՀՀ նախագահին կողջունի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան։
Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի կունենա «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառումը։
Պրահայի ամրոցի «Ռոթմայեր» սրահում պլանավորված միջոցառման շրջանակներում նախատեսված է հանդիպում 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած հրշեջների և մարդասիրական դրամահավաքի կազմակերպիչների հետ։