ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկրում կփակվեն Գյոթեի անվան գերմանական ինստիտուտի բոլոր երեք մասնաճյուղերը, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
«Իհարկե, դրանք կփակվեն այն բանից հետո, երբ մեր մշակութային կենտրոնն այնտեղից դուրս հանեցին։ Հակառակ դեպքում մենք չենք հարգի մեզ», - Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է նա՝ անդրադառնալով Բեռլինում գտնվող ռուսական մշակութային կենտրոնը («Ռուսական տունը») փակելու Գերմանիայի ղեկավարության որոշմանը։
Գերմանիան որոշեց փակել Բեռլինում Ռուսական տունը, Բոննում Ռուսաստանի հյուպատոսությունը, նաև ռուսների համար սահմանային վերահսկողությունը խստացրեց այն բանից հետո, երբ այս տարվա օգոստոսի 4-ին Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք հայտնաբերվեց ուկրաինական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի մոտ: Ավելի ուշ հայտնաբերվեց ևս մեկը և մոտ 50 գրամ պայթուցիկ նյութ:
Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեցին Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակումը կազմակերպելու համար։ Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարեց, որ որոշումը հիմնված է անօդաչուի կոնֆիգուրացիայի և որոշակի բաղադրիչների ուսումնասիրության վրա, որոնք օգտագործվել են Ռուսաստանի կողմից այլ հիբրիդային հարձակումների ժամանակ: Մոսկվան էլ հայտարարեց, որ «համարժեք պատասխան» կտա։
Ավելի ուշ գերմանացի քննիչները հայտարարեցին, որ հարձակումը պլանավորելու մեջ կասկածվում է երկու անձ. մեկը Ռուսաստանի և Լատվիայի քաղաքացի է, մյուսը՝ Ռուսաստանի և Բելառուսի:
Լավրովը պնդել է, որ Գերմանայի իշխանությունները «դիտավորյալ ձեռնարկում են մի քայլ, որը, նրանք չէին կարող չհասկանալ, որ հստակ նշանակում է Ռուսաստանի Դաշնությունում իրենց մշակութային ներկայության ավարտը»: ՌԴ գլխավոր դիվանագետը նաև հավելել է, որ «մշակութային այս ներկայությունը» պահպանվել է վերջին տարիներին՝ «չնայած Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում ուկրաինական բոլոր շրջադարձերին»։
Լավրովը գերմանական իշխանությունների եզրակացություններն անվանել է «ենթադրություն» և «կռահումներ», քանի որ, ըստ նրա, Լայպցիգում գտել են «ինչ-որ կործանված անօդաչու» և որոշել, որ այն «նման է Ռուսաստանի Դաշնության կողմից օգտագործվողներին»։