«Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները ստուգում են իրականացրել Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գործող՝ անհատ ձեռնարկատեր Թամարա Սաֆարյանին պատկանող «Թալինի լիմոնադ» ապրանքանիշի լիմոնադի արտադրամասում։
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ արտադրամասում չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկման և ընթացիկ վերանորոգման, արտադրական տարածքների մաքրման, լվացման ու ախտահանման, ինչպես նաև միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքներ։
Խախտումներ են արձանագրվել նաև արտադրական տարածքների կառուցվածքային և հիգիենիկ վիճակի մասով։ Մասնավորապես, հատակների և պատերի մակերեսները չեն համապատասխանել լվացման և ախտահանման համար սահմանված պահանջներին, առաստաղը չի ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը, իսկ դռները չեն համապատասխանել սահմանված հիգիենիկ չափանիշներին։
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների, գույքի, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մասով ևս արձանագրվել են պահանջների խախտումներ․ չեն իրականացվել դրանց պատշաճ մաքրման, լվացման և ախտահանման աշխատանքները, իսկ օգտագործվող որոշ նյութեր և սարքավորումներ չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին։
Արձանագրված խախտումների հիմքով «Թալինի լիմոնադ» ապրանքանիշի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
ՍԱՏՄ-ի կողմից սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար