Կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Դոլի Փարթոնը
ՄՇԱԿՈՒՅԹԿյանքի 81-րդ տարում մահացել է ամերիկյան կուլտային քանթրի երգչուհի Դոլի Փարթոնը։ Այդ մասին նրա ընտանիքը հայտնել է կատարողի պաշտոնական ինստագրամյան ակաունտում։ Մտերիմները չեն բացահայտել մահվան պատճառը, սակայն նշել են, որ Փարթոնը «խաղաղ մահացել է» տանը։
Մահվանից մի քանի օր առաջ արտիստուհին People ամսագրին պատմել էր, որ «առողջական որոշ խնդիրներ ունի»։ 2025 թվականի աշնանը Փարթոնն արդեն հայտնել էր վիճակի վատթարացման մասին և ստիպված էր եղել չեղարկել վեց համերգ Լաս Վեգասում, որոնք պետք է դառնային նրա վերադարձը բեմ։ Այն ժամանակ նա բացատրել էր, որ պետք է բժշկական պրոցեդուրաներ անցնի, սակայն ընդգծել էր, որ չի պատրաստվում ավարտել կարիերան և այս շրջանը ընկալում է որպես փոքր-ինչ հանգստանալու անհրաժեշտություն։ Ելույթները հետաձգվել էին մինչև 2026 թվականի սեպտեմբեր։
Դոլի Փարթոնը համարվում է քանթրի երաժշտության և փոփ մշակույթի պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Իր կարիերայի ընթացքում նա թողարկել է 52 ստուդիական ալբոմ, 25 անգամ գլխավորել ամերիկյան քանթրի չարթը և վաճառել ավելի քան 100 միլիոն ձայնագրություն ամբողջ աշխարհում։
Նրա առաջին սինգլը՝ «Dumb Blonde»-ը, թողարկվել էր 1967 թվականին, իսկ լայն ճանաչում երգչուհուն բերեց «Coat of Many Colors» ալբոմը։ Ավելի ուշ նա թողարկեց կուլտային դարձած «Jolene» և «I Will Always Love You» ստեղծագործությունները։ Վերջինս համաշխարհային ճանաչում ստացավ 1992 թվականին «Թիկնապահը» ֆիլմի համար Ուիթնի Հյուսթոնի քավեր տարբերակից հետո։
Փարթոնը «Գրեմմի» 10 մրցանակների դափնեկիր է և այն սակավաթիվ արտիստներից մեկը, ովքեր առաջադրվել են ամերիկյան չորս գլխավոր EGOT մրցանակներին՝ «Էմի», «Գրեմմի», «Օսկար» և «Թոնի»։ Երաժշտությունից զատ, երգչուհին նկարահանվել է կինոյում և ակտիվորեն զբաղվել բարեգործությամբ. նա հիմնել է «Dollywood Foundation» հիմնադրամը և «Imagination Library» կրթական ծրագիրը, որը երեխաներին գրքեր է տրամադրում։
1966 թվականից Դոլի Փարթոնն ամուսնացած էր գործարար Կառլ Թոմաս Դինի հետ։ Նրանց ամուսնությունը տևել էր մինչև վերջինիս մահը՝ 2025 թվականը։ Զույգը երեխաներ չի ունեցել։ Փարթոնը նաև երգչուհի Մայլի Սայրուսի կնքամայրն է։