Մեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը
ՄՇԱԿՈՒՅԹՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը օգոստոսի 21–28-ը Սպիտակում, Երևանում և Վանաձորում կանցկացնի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը:
Փառատոնը մեկ հարթակում միավորում է թատրոնը, կինոն, երաժշտությունը, լուսանկարչությունը և ստեղծագործական-կրթական ծրագրերը՝ ստեղծելով մշակութային երկխոսության ու նորարար գաղափարների տարածք։
Փառատոնը կարևորում է հատուկ կարիքներ ունեցող անձանց և սոցիալական տարբեր խմբերի լիարժեք ինտեգրումը մշակութային կյանքին՝ ապահովելով հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր բոլոր մասնակիցների համար։
Արդեն 13-րդ տարին է՝ ինչ «ՖՐԵՍԿՈ»-ն ստեղծում է յուրահատուկ հանդիպման վայր, որտեղ արվեստը խոսում է համամարդկային արժեքների, հիշողության, ինքնության և հավասարության մասին։ Այս տարվա ութօրյա բազմաժանր ծրագիրը կրկին միավորում է արվեստագետներին ու հանդիսատեսին՝ ստեղծելով բաց երկխոսության, նոր բացահայտումների և մշակութային համագործակցության հարթակ։
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին Սպիտակի քաղաքային զբոսայգում։ Բացման գլխավոր իրադարձությունը կլինի Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի «Տիրուհիները» թատերականացված պարային ներկայացումը (հեղինակ և բեմադրիչ՝ Արայիկ Գևորգյան, անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Ներսիսյան)։ Փառատոնի բացումը «Տիրուհիները» ներկայացմամբ խորհրդանշական ընտրություն է՝ արժևորելու հայ կնոջ անգնահատելի ներդրումն ազգային ինքնության, պետականության և մշակույթի ձևավորման ու պահպանման գործում։
Փառատոնի կարևորագույն իրադարձություններից է «Բացառիկ համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը, որը կկայանա Ճարտարապետների միության դահլիճում: Առաջին անգամ Հայաստանում հանդիսատեսը հնարավորություն կունենա ամբողջությամբ հրաժարվելու տեսողական ընկալումից և երաժշտությունը զգալ մյուս բոլոր զգայարաններով՝ վերաիմաստավորելով երաժշտության ընկալման սահմանները։
Ծրագրի շրջանակում տեղի կունենա փորձի փոխանակման հանդիպում «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ Աննա Սկոչդոպոլովայի հետ (Չեխիա). նա կներկայացնի «Արհեստական բանականությունը՝ որպես ներառականության ապահովման գործիք․ էթիկա, կինո և մշակութային փառատոներ» թեման։
Օգոստոսի 23-ին Սպիտակում և օգոստոսի 24-ին Երևանում կանցկացվեն իսրայելցի լուսանկարիչ, հաղորդավար Դ. Բրիկմանի վարպետության դասը, ինչպես նաև հանրահայտ «Մանկական ոչ մանկական հարցեր» հաղորդման ձևաչափով հանդիպում հանդիսատեսի հետ։ Միջոցառումը կմիավորի լուսանկարչությամբ հետաքրքրվողներին՝ փորձի փոխանակման և մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով։ Բացի այդ, օգոստոսի 24-ին Երևանում վարպետության դասով հանդես կգա ճանաչված վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը։ Սպիտակում նախատեսված է նաև հագեցած համերգային ծրագիր՝ սիրված «Էթնո Քոլորս» (Ethno Colors) խմբի մասնակցությամբ։
Փառատոնի ընթացքում կցուցադրվի 12 երկրի 30 ֆիլմ, որոնք անդրադառնում են կարևոր սոցիալական խնդիրների, մարդասիրական արժեքներին և ներառականությանը։
«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի օգոստոսի 28-ին Վանաձորում՝ Գյումրու երիտասարդական թատրոնի «Պարուհին» ներկայացմամբ։
Ծրագիրը՝ այստեղ: