Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը
ՍՊՈՐՏUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը կանցկացնի հերթական գոտեմարտը ազատ ոճի ըմբշամարտի կանոններով։ Real American Freestyle (RAF) պրոֆեսիոնալ լիգան պաշտոնապես հայտարարել է, որ 29-ամյա Ծառուկյանը հոկտեմբերի 3-ին Լաս Վեգասում կայանալիք RAF 14 մրցաշարում կգոտեմարտի ամերիկացի Դիլոն Դենիսի հետ։
Մարզիկները կվիճարկեն միջին քաշային կարգում RAF Crossover-ի չեմպիոնական տիտղոսը։
Հատկանշական է, որ ըմբշամարտի այս կարևոր մրցավեճը կկայանա Ծառուկյանի՝ UFC-ում սպասվող ելույթից ընդամենը շաբաթներ անց։ Սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում (UFC 331) հայ մարտիկը կմրցի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ՝ չեմպիոնական գոտու պոտենցիալ հավակնորդի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ օկտագոնում Արմանը հաղթանակներով է ավարտել իր վերջին մենամարտերը՝ պարտության մատնելով Չարլզ Օլիվեյրային և Դեն Հուկերին։
Այս տարի RAF-ի շրջանակում Ծառուկյանն արդեն հասցրել է անցկացնել 8 գոտեմարտ՝ տոնելով 7 հաղթանակ և դառնալով նորաստեղծ պրոմոուշենի գլխավոր աստղերից մեկը։ Այս հարթակում նա իր միակ պարտությունը կրել է հուլիսի 18-ին Միլուոկիում կայացած RAF 11 մրցաշարում, որտեղ ծանր քաշային կարգի տիտղոսային գոտեմարտում 3:5 հաշվով զիջել է Քոլբի Քովինգթոնին։
Ինչ վերաբերում է 32-ամյա Դիլոն Դենիսին, ապա նա այժմ Misfits MMA-ի չեմպիոնն է (մինչև 79 կգ քաշային կարգում), սակայն RAF-ում առայժմ անհաջող է հանդես գալիս։ Ամերիկացին անցկացրել է երկու գոտեմարտ և երկուսում էլ պարտվել է՝ նախ ժամկետից շուտ զիջելով նույն Քոլբի Քովինգթոնին, ապա՝ Խամզատ Չիմաևին։ Ընդ որում, Չիմաևի հետ մրցավեճից անմիջապես հետո մարզիկների միջև գորգի վրա ծավալվել էր զանգվածային ծեծկռտուք։