Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պահածո «Կիլկի»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կիլկի լոլիկի հյութի մեջ» պահածոն խորհրդային ժամանակաշրջանի խորհրդանիշներից է։ Իհարկե, այդ ապրանքի հանրաճանաչությունը պայմանավորված էր ոչ թե նրա ֆանտաստիկ համով, այլ ցածր գնով և մատչելիությամբ, և շատերը, նույնիսկ մեր ներկայիս գաստրոնոմիական բազմազանության պայմաններում ժամանակ առ ժամանակ գնում են այդ պահածոն, որպեսի վերհիշեն իրենց խորհրդային երիտասարդությունը:
Կիլկիի ձկան մասին առաջին անգամ հիշատակվել է դիվանագետ Գուն Էյրմանի գրքում, որը հայտնվել է 17-րդ դարի 70-ական թվականներին։ Գունը այնտեղ մեջբերել է լիվոնյան երգի մի հատված, որտեղ ասվում է, որ «եթե ծովում կիլկի չմնա, ապա շվեդները կոչնչանան»։ Հենց այդ ժողովրդին էր ամբողջությամբ էր պատկանում Բալթիկ ծովը մինչև 1710 թվականը, և այդ ժողովուրդն է առաջինը զանգվածաբար օգտագործել այդ տեսակի ձուկը։ Բնականաբար, այն ժամանակ կիլկին սպառվում էր բացառապես տապակած և չորացրած վիճակում։
Առաջին պահածոյացված կիլկիի ի հայտ գալուն նպաստել է Մեծ աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանը, երբ երկարատև պահպանման ենթակա սննդամթերքի կարիք է առաջացել: Եվրոպան այն ժամանակ արտադրում էր հիմնականում պահածոյացված միս և բանջարեղեն, մինչդեռ Ռուսաստանում արտադրությունը մասնագիտացված էր հատուկ ձկան վրա: Իհարկե, այն ժամանակ կիլկի ձուկը մեծ հարգանք չէր վայելում, պահածոյացվում էին ստերլետը, բուրբոտը, նելման և թառափը, երևի թե հիմա էլ ոչ ոք չի հրաժարվի պահածոյացված թառափից։
«Կիլկի լոլիկի հյութի մեջ» պահածոների զանգվածային արտադրությունը սկսվել է 20-րդ դարի 50-ականների կեսերին։ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովն անձամբ է համտեսել Կերչի ձկնային գործարանի նոր արտադրանքը և վստահեցրել ժողովրդին, որ «ավելի լավ ժողովրդական արտադրանք չի էլ կարելի պատկերացնել»: Դա ճիշտ է, քանի որ այդ պահածոները երբեք չեն անհետացել դարակներից նույնիսկ խիստ դեֆիցիտի ժամանակ։ Իսկ գինը ավելի քան ցածր է եղել:
«Կիլկի լոլիկի հյութի մեջ»-ը միշտ էլ եղել է յուրաքանչյուր խորհրդային սառնարանում։ Շատերի համար դա միակ խորտիկն էր «երեքով օղի խմելիս», իսկ միշտ քաղցած ուսանողներին այդ պահածոն հնարավորություն էր տալիս լրացնել ֆոսֆորի քանակը օրգանիզմում, քանի որ այլ ձկնատեսակները հասանելի չէին:
Փորձառու տնային տնտեսուհին կարող էր շատ ուտեստներ պատրաստել այդ պարզ պահածոից՝ աղցաններ, կոտլետներ և նույնիսկ ապուրներ: Այն իրոք այնպիսի ունիվերսալ մթերք էր, որը կարող էր բավարարել նույնիսկ ամենախստապահանջ գուրմանին։
«Կիլկի լոլիկի հյութի մեջ»-ի բաղադրատոմսը չափազանց պարզ է՝ ձուկ, ջուր, տոմատի մածուկ, աղ, շաքար, արևածաղկի ձեթ, քացախ, համեմունքներ: Ոչ մի ավելորդ բան: Բայց, այնուամենայնիվ, տարբեր արտադրողների պահածոները տարբերվում են ինչպես համով, այնպես էլ արտաքին տեսքով։ Գաղտնիքը սոուսի մեջ է, քանի որ կան այդ պահածոյի մոտ 30 բաղադրատոմսեր, ուստի «այդ պահածոների» համը կարող է զգալիորեն տարբերվել: «Կիլկի լոլիկի հյութի մեջ»-ը դարձել է ԽՍՀՄ-ի իսկական խորհրդանիշ, քանի որ նույնիսկ Մարգարետ Թետչերը ԽՍՀՄ այցից հետո այդ պահածոներով էր կերակրում ոչ միայն իր սիրելի կատվին, այլ նաև իր հյուրերին:
Ներկայումս էլ հետխորհրդային երկրներում այդ պահածոյի ժողովրդականությունը մնում է նույն բարձր մակարդակի վրա, քանի որ շատերի համար 90-ականների սկզբին «Կիլկի լոլիկի հյութի մեջ»-ը միակ դելիկատեսն էր:
Կ.Խաչիկյան