Հայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ փրկարարական վարչության օրվա պատասխանատու Գարիկ Չամուրյանի և հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Զավեն Պողոսյանի գլխավորությամբ։Հրշեջ-փրկարարները, մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 3 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Կարապետյանը և Ավետիս Խաչատրյանը։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի ծառայողները։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։