ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության նիստի ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրեց, որ գործով որոշում կայացնելու համար ՍԴ-ն քիչ ժամանակ ունի. հուլիսի 4-ը վերջին օրն է, երբ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի։
Ըստ այդմ, ՍԴ նախագահն առաջարկեց նիստ անցկացնել նաև առաջիկա ոչ աշխատանքային օրը՝ հունիսի 27-ին, իսկ այդ նիստի ընթացքից կհասկանան՝ կիրակի նիստ գումարելու անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ։
«Մենք այսօր կարող ենք աշխատել մինչև 19։00-ն կամ 19։30-ը։ Շաբաթ օրն էլ նիստ կանենք, դրանից հետո էլ կորոշենք՝ կիրակի նիստ անե՞լ, թե՞ չէ։ Բայց խնդրում եմ որևէ կերպ չբացառել, որ մենք կարող ենք կիրակի օրը նիստ ունենալ, որը կսկսենք ժամը 11։00-ից, որը կարող է տևել մինչև ժամը 21։00-ն, 22։00-ն, 24։00-ն։ Ես որևէ բան չեմ բացառում»,- մանրամասնեց Արման Դիլանյանը։
Նա գործի քննության կողմերին հորդորեց հաշվի առնել Սահմանադրական դատարանի սահմանած աշխատանքային ռեժիմը և իրենց աշխատանքային ու անձնական ռեժիմները համապատասխանեցնել դրան։
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի քննությունը։
Ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
ԿԸՀ ամփոփած արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։