Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին շնորհավորել է Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Այս մաին տեղեկացնում են Կառավարությունից:
Ուղերձում ասված է.
«Ցանկանում եմ Ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և ճանաչում այն խիզախությունը, որով Դուք դիմակայել եք բացառիկ բարդության մարտահրավերներին:
Իտալիան հետևում է Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին և հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: 2025 թվականին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը՝ աջակցելու վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերին՝ այն գիտակցմամբ, որ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
Մեր երկրների միջև հարաբերություններն ամուր են և շարունակաբար զարգանում են: Մեզ միավորում են աշխույժ տնտեսական կապերը, երկարամյա մշակութային և հնագիտական համագործակցությունը, ինչպես նաև համագործակցության շոշափելի հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները և պաշտպանությունը: Վստահ եմ, որ Ձեր նոր մանդատը հնարավորություն կընձեռի առավել ամրապնդելու այս գործընկերությունը»: