Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ակնկալում է, որ Հարավային Կովկասի հարցով ԱԳ նախարարների մակարդակով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում, այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ակնկալում ենք, որ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա կա՛մ Բաքվում, կա՛մ Երևանում։ Որքանով հասկանում ենք, այս առնչությամբ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է նա ««3+3» հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստի ընթացքում։
ՌԴ-ն աջակցում է Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի տրանսպորտային ամբողջական ապաշրջափակմանը՝ «3+3» ձևաչափի շրջանակներում լիարժեք աշխատանքի համար։
Վրաստանը կարևոր գործընկեր է «3+3» հարթակի համար, առանց նրա մասնակցության ձևաչափի հեռանկարները լիարժեք չեն լինի։