Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՃապոնիայի կառավարությունը ԱՄԷ-ի հետ համաձայնության է եկել լրացուցիչ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջ, որի տեղափոխման համար չի օգտագործվի ներկայումս փաստացիորեն արգելափակված Հորմուզի նեղուցով անցնող երթուղին։ Այս խմբաքանակը կբեռնվի Ֆուջայրա նավահանգստում՝ Օմանի ծոցում, որը խողովակաշարով կապված է ԱՄԷ-ի հանքավայրերի հետ, հաղորդել է Nikkei թերթը։
Նավահանգիստն արդեն ենթարկվել է Իրանի կողմից անօդաչու սարքերի հարվածների։ Հետևաբար, ինչպես նշում է պարբերականը, Ճապոնիայի անվտանգ ներմուծման համար Ֆուջայրա նավահանգստով անհրաժեշտ է այս տարածաշրջանում իրավիճակի կայունացում։
Ավելի վաղ Փարիզում կայացած մամուլի ասուլիսում Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Ռյոսեյ Ակազավան հայտնել էր, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան խոստացել են ապահովել նավթի կայուն մատակարարումը։ Այն պետք է հիմնված լինի նոր մոտեցումների վրա (չնայած Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը)։ Նրա խոսքով՝ այդ երկրներն ունեն արտահանման օժանդակ ուղիների օգտագործման տարբերակներ։
Սաուդյան Արաբիան նույնպես ունի նավահանգիստ, որտեղից կարելի է նավթ արտահանել և շրջանցել Հորմուզի նեղուցը։ Մինչ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսվելը, այս երկու երկրներին բաժին էր ընկնում ճապոնական նավթի ներմուծման հիմնական մասը։