ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները Թբիլիսիում միջսահմանային վարժանքի են մասնակցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 21-23-ը ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ստորաբաժանումների, ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման վերապատրաստման կենտրոնի ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են Վրաստան-Հայաստան միջսահմանային վարժանքին։
Մասնակցել են ութ երկրի շուրջ 50 ներկայացուցիչներ։
Ներկայացվել են ՆԳՆ Փրկարար ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու կարողությունները։
ՆԳՆ փրկարար ծառայության ճառագայթային, քիմիական և կենսաբանական արձագանքման խումբը՝ համագործակցելով վրացական կողմի առաջին արձագանքողների հետ, ամոնիակի արտահոսքի կանխման և վտանգավոր գոտուց տուժածների տարհանման ուղղությամբ իրականացրել են սցենարային գործողություններ։
Նախագիծը նպատակ ունի բարձրացնել գործընկեր երկրների կարողությունները քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային (CBRN) սպառնալիքներին արձագանքելու ուղղությամբ՝ միաժամանակ ամրապնդելով համապատասխան ուսումնական կենտրոնների և արձագանքման կարողությունները, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը։
Միջսահմանային վարժանքի արդյունքում հայ փրկարարները ձեռք են բերել արձագանքման նոր հմտություններ, ամրապնդել մասնագիտական կարողությունները, որոնք կնպաստեն Փրկարար ծառայության կարողությունների բարձրացմանը։
Մասնակիցներին շնորհվել են վկայականներ։
Միջսահմանային վարժանքը կազմակերպվել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ և իրականացվում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրով՝ eNOVATION նախագծի շրջանակում։