Սպանություն` 2 եղբայրների մասնակցությամբ
Ապրիլի 13-ին` ժամը 12-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։
Պարզվել է, որ ստացած վնասվածքներից նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,- նշեցին Քննչական կոմիտեից։
Նշենք, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված 52–ամյա Արթուր Ավագյանը գյուղի ատամնաբույժն էր։
Մարիաննա Արամյան