ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներկուսակցական ընտրություններում զեղծարարությունների համար ՔՊ նախընտրական ցուցակից վարչության որոշմամբ հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանը երեկ լրագրողներին թեեւ վստահեցրեց, թե նեղացած չէ ՔՊ-ից եւ շարունակելու է ճանապարհն իր կուսակցության հետ, սակայն տեղեկացանք, որ անցած շաբաթ ՔՊ-ի՝ Սյունիք այցի ընթացքում նա չի միացել ներկուսակցական քարոզարշավին, ինչպես սովորաբար անում են այլ մարզերից ընտրված պատգամավորները, երբ թիմն իրենց մարզ է այցելում։
Ասում են՝ այն օրը, երբ ՔՊ-ն գնացել է Կապան, կուսակցության տեղի տարածքային կառույցի անդամ կապանցի Դավիթ Դանիելյանը շտապել է Երեւան։ Ի դեպ, կապանցի Մարինա Ղազարյանը եւս չի միացել թիմին, սակայն ասում են՝ նա Կապանի կառույցից դուրս է եկել եւ տեղափոխվել ՔՊ-ի Մասիվի կառույց։