Արագածոտնում ձնահոսքի հետեւանքով մահացած հայտնաբերված քաղաքացին ազգությամբ ռուս էր՝ 37 տարեկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախօրեին՝ մարտի 16–ին, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում ձնահոսքի հետեւանքով մահացած հայտնաբերված քաղաքացին ազգությամբ ռուս էր, նա 37 տարեկան էր։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 16-ին, ժամը 11։29-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում քաղաքացին բարձրացել է սարը և չեն կարողանում կապ հաստատել նրա հետ․ հավանաբար հայտնվել է ձնահյուսի տակ։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։