Զգուշացնում են սպասվող մագնիսական փոթորիկների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիտնականները տեղեկացնում են, որ ուրբաթ երեկոյան Երկրի մագնիսական դաշտում հնարավոր են խանգարումներ․ սպասվում են թույլ և միջին ուժգնության մագնիսական փոթորիկներ. Հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից։ Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկա ժամերին պետք է աճի դեպի Երկիր ուղղվող արեգակնային քամու հոսքի արագությունը, ինչի հետևանքով կավելանան նաև գեոմագնիսական ակտիվության ցուցանիշները։

Սպասվող խանգարումների պատճառը Արեգակի վրա ձևավորված բավական մեծ կորոնալ անցքն է։ Այն ունի յուրօրինակ տեսք և հիշեցնում է հսկայական ճեղք, որը ձգվում է Արեգակի հարավային բևեռից մինչև հյուսիսային բևեռ։ Գիտնականները նշում են, որ այս անցքը նոր չէ․ այն վաղուց գոյություն ունի և մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտնվել էր Արեգակի տեսանելի կողմում։
Ըստ գիտական մոդելների՝ առաջին խանգարումները կարող են գրանցվել ուրբաթ ուշ երեկոյան կամ կեսգիշերին մոտ։ Եթե կանխատեսումն իրականանա, կարող է մեծանալ նաև բևեռափայլի դիտման հավանականությունը։