«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«FlyDubai» ավիաընկերությունն օրական երկու չվերթ կիրականացնի Դուբայից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության հայաստանյան գրասենյակը։
«Մարտի 12,13,14 և 15-ին կատարվելու են օրական 2 չվերթ՝ ըստ հաստատված չվացուցակի»,- հայտնում են գրասենյակից։
Նշենք, որ հիմա չվերթի տևողությունը մոտ 6 ժամ է՝ նախկինում եղած 3-ի փոխարեն։
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով ավիաընկերությունը ժամանակավոր սահմանափակել էր չվերթերի քանակը՝ օրական մեկ թռիչք իրականացնելով։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։