Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն այնքան հպարտանալու բան չունեն, որ անթաքույց սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով՝ հույս ունենալով, որ իրենց էլեկտորատը կարող է չհիշել, թե դա ում ժամանակ է ստեղծվել։ Խոսքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին է: Նա նախօրեին տեսանյութ էր հրապարակել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին։
«Ձեզ եմ ներկայացնում պաշտպանության նախարարության ընձեռած հերթական հնարավորությունները եւ մեր կատարած փոփոխությունների արդյունքները»,- գրել է Պապիկյանը` տեսանյութին կից, որում պատմում է, թե ինչ հնարավորություններ է վարժարանն ընձեռում բարձր դասարանի աշակերտներին, եւ ինչ ծրագրեր են իրենք իրականացնում։ Սակայն խնդիրն այն է, որ այդ վարժարանը ոչ թե ներկայիս իշխանություններն են կառուցել, այլ դա հիմնադրվել է 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ։
Ընդ որում՝ Երեւանում գործող վարժարանի մասնաճյուղը ժամանակին, երբ Դիլիջանում էին վերաբացում, ընդդիմադիրները եւ հատկապես Փաշինյանը քննադատում էին, թե պետությունն ավելորդ ծախս է անում։ Ի դեպ, այս վարժարանում սովորող աշակերտները հետագայում ընդունվում են ռազմական ինստիտուտներ։