Տեսչական մարմինը Երևանում և Լոռու մարզում լցակայանների գործունեություն է դադարեցրել
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանի, Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի 24-րդ փողոցի 2-րդ հասցեում «Արտակ Բադալյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետում։
Հետազոտությունների ընթացքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։
Հիմք ընդունելով արձանագրված խախտումների վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Երևանում գործող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող և Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում շահագործվող լցակայանների աշխատանքները ամբողջությամբ դադարեցվել են՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։
Տեսչական մարմնից նաև տեղեկացնում են, որ մասնագետների իրականացրած հետևողական բացատրական աշխատանքների արդյունքում երկու տնտեսավարողներն էլ կամովին ապամոնտաժել են լցակայանները։