ՆԱՏՕ-ն սկսել է «Արկտիկական պահապան» առաքելության պլանավորումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն սկսել է «Արկտիկական պահապան» առաքելության ռազմական պլանավորումը, որն ուղղված է Գրենլանդիայի անվտանգության ապահովմանը, հայտարարել է ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի կենտրոնական շտաբի խոսնակ, գնդապետ Մարտին Օ'Դոնելը։
Նա հրաժարվել է մանրամասներ բացահայտել, քանի որ առաքելության նախապատրաստական աշխատանքները նոր են սկսվել։
Bloomberg-ի տվյալներով՝ Գերմանիան է նախաձեռնել «Արկտիկական պահապան» առաքելությունը։ Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ՆԱՏՕ-ն կարող է որպես մոդել օգտագործել 2025 թվականի հունվարին Բալթիկ ծովում կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար մեկնարկած «Բալթիկ պահապան» առաքելությունը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը «The Daily Mirror»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լոնդոնը աջակցում է «Արկտիկական պահապան» առաքելության ստեղծմանը։ Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը չի կիսում Միացյալ Նահանգների դիրքորոշումը Գրենլանդիայի պատկանելիության հետ կապված ու հարգում է կղզու ինքնիշխանությունը որպես Դանիայի մաս։