Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը. Վեհափառի պատգամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրապարակվել է Գարեգին Բ Սմենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով.

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ.

և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին

մահվան երկրի և ստվերների մեջ»

(Մատթ. 4.16):

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, Ով ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»։ Ավետարանիչը Աստվածորդու Ծնունդը համեմատում է լույսի ծագման հետ:

Արդարև, «խորհուրդ մեծ և սքանչելի»։ Անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ։ Անծայրածիր տիեզերքը ստեղծողը պարփակվեց մարդկային մարմնում, երկնային գահին բազմողը՝ փոքրիկ ու աղքատիկ քարայրում: Ազգերը հրավիրվեցին մեղքը թոթափելու, մահվան խավարից ելնելու և հավիտենության ժառանգորդ լինելու։ «Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա»,- ուսուցանում են Եկեղեցու Սուրբ Հայրերը: Հիրավի, Աստծո մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործվելու, սրբագործվելու ու աստվածանալու:

Սիրելիներ, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ: Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը՝ վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական և խմբակային նեղ շահերի։

Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար՝ հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ որպես «մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան և տուն Աստծո»։ Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, Նրան ապավինելու մեջ է։ Քրիստոսով կյանքը լցվում է սիրով ու ողորմությամբ, ազնվությամբ ու արդարությամբ։ Քրիստոս Ճանապարհն է խավարից դեպի լույս, մեղքից դեպի սրբություն։ Տերը միշտ հավատարիմ է՝ փրկելու խոտորումներից ու անկումներից մեղսակորույս մարդուն, քանզի ինչպես հռչակում է Եզեկիել մարգարեն, Աստված չի տենչում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը (18.23): Քրիստոսով մեր առջև բացվում է վերհառնումի, հավատով նորոգության ուղին։ Ըստ առաքյալների խոսքի՝ Փրկիչը մեր կենդանի Վեմն է, որ կարող է մեզ հաստատուն պահել (հմմտ. Ա Պետ. 2.4, Հռ. 14.24) խռովահույզ աշխարհի ալեկոծություններում։ Աստվածորդու փրկարար զորությամբ է, որ նահանջում են հեծություն, մահ ու կործանում, և Փրկչի Սուրբ Ծննդյամբ լույս է ծագում նրանց վրա, որ նստում են մահվան երկրի և ստվերների մեջ:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը և բեթղեհեմյան աստղի լույսը այսօր էլ բոլոր մարդկանց ուղղված հրավեր են Աստծուն ապավինությամբ կյանքը վերափոխելու բարիով ու բարիքով, հաստատելու խաղաղություն աշխարհում և հաճություն մարդկանց մեջ: Երկնառաք այս պատգամին ունկնդիր՝ ապրենք ու գործենք Տիրոջ հետ՝ բոլոր բնագավառներում մեր նախանձախնդիր ու ամբողջանվեր ծառայությամբ, ի խնդիր անձնական, ընտանեկան ու հայրենական կյանքի ապահով ու բարօր ընթացքի։ Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը։ Մեր առջև բացված է ճանապարհը դեպի Տերը, դեպի երկնառաք պարգևներ ու հավիտենություն։ Այդ ուղիով, տերունական պատգամների իրագործումով է, որ մեր ժողովուրդը կհաղթահարի տառապանքների խավարը, և, ավետարանչի խոսքի համաձայն, լույս կծագի մեր կյանքում, մեր նեղությունների ու դժբախտությունների հաղթահարման ճանապարհին։ Արդ, պարզասիրտ հովիվների ու իմաստուն մոգերի պես անվարան երկրպագենք նորամանուկ Հիսուսին և մեր սրտերը բացենք մարդեղացյալ Աստվածորդուն ընդունելու համար: Նախանձախնդիր լինենք Փրկչի պարգևած շնորհներով վերափոխվելու, որպեսզի ինչպես Քրիստոս ծնվեց և դարձավ մարդու Որդի, այդպես էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծո որդիներ՝ ըստ առաքյալի խոսքի. «Երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն…, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. 4.4-5): Հավատարիմ մնանք Աստծուց մեզ ընծայված այս մեծագույն շնորհին և աստվածահաճո նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան և սերունդների լուսավոր գալիքը։

Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մարդեղացյալ Փրկչի զորակցությունը իրենց աստվածապատվեր առաքելության մեջ։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսառատ այս օրը աղոթք բարձրացնենք առ Փրկիչ մեր Տերը՝ խնդրանքով, որ խաղաղությունը թևածի ողջ աշխարհում, հայրենի մեր եզերքներում, և ապահովության ու շենության մեջ հզորանա մեր պետությունը, բարօրության մեջ հարատևի մեր ժողովուրդը։ Հայց վերառաքենք հայրենազրկված արցախահայ Մեր զավակների տոկունության ու ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության և նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող և անհայտ կորած մեր զավակների համար։ Թող Բարձրյալի Սուրբ Աջի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով, և մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

Ձեզ և մեզ մեծ աւետիս»:

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել
Ամենադիտված