Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական նոր դասավորությունը և տարածաշրջանային ամբիցիաների հատումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստան-Արևմուտք ներկայիս հակադրության մեջ աստիճանաբար ավելի ու ավելի հստակ է դառնում հատկապես մի միտում, որը հաճախ առաջին հայացքից նկատելի չէ։ Խնդիրն այն է, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի առաջնահերթ մարտահրավերը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որը դիտվում է որպես համակարգային մրցակից՝ հսկայական բնակչությամբ, արագ աճող տեխնոլոգիական կարողություններով, ֆինանսական հզորությամբ ու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը որպես աշխարհաքաղաքական գործիք օգտագործելու ռազմավարությամբ։ Այս նախագիծը Չինաստանին հնարավորություն է տալիս ոչ միայն առևտրի և լոգիստիկայի հարթակի վերածել Խաղաղօվկիանոսյան ավազանը, Եվրասիան, Աֆրիկան ու Եվրոպան կապող տարածքները, այլև իր ազդեցությունն ընդլայնել այնպիսի առանցքային տարածքներում, ինչպիսիք են Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը, Բալկանները, Աֆրիկայի մեծ մասը։ Այս համատեքստում Չինաստանի զսպումը դառնում է ամերիկյան ռազմավարության առանցքային գիծը։

Ըստ այդմ, ԱՄՆ-ը, գտնվելով աշխարհագրորեն շատ հեռու, բայց ունենալով գլոբալ հավակնություններ, ստիպված է ավելի սառնասրտորեն հաշվարկել ուժերի դասավորությունը՝ իր առաջնահերթությամբ պահելով Չինաստանին որպես թիվ մեկ հակառակորդ։ Հետևաբար, Վաշինգտոնի ռազմավարական տրամաբանությունը կարող է ներառել այնպիսի տարբերակ, որտեղ Եվրոպան, Ուկրաինան և Ռուսաստանը ինչ-որ պահի, ամերիկյան ճնշման ու միջնորդության ներքո, անգամ ցավոտ փոխզիջումների գնով, ստիպված լինեն գալ որոշակի համաձայնության՝ գոնե հակամարտության սառեցման կամ սահմանափակ կարգավորման մակարդակով։ Այդպիսի զարգացման հիմնական իմաստն այն կլինի, որ ԱՄՆ-ը կփորձի Եվրոպայի արևել յան ճակատում նվազեցնել լարվածությունը՝ իր ռեսուրսներն ու ուշադրությունը ավելի լիարժեք կենտրոնացնելու Չինաստանի ուղղությամբ՝ հատկապես Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուրջ ձևավորվող ռազմաքաղաքական ճակատների ուղղությամբ։

Սակայն մինչ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հնարավոր պայմանական հաշտության ու վերակողմնորոշման գործընթացները դեռևս մնում են ապագայի հարթության վրա և կախված են մի շարք անկանխատեսելի գործոններից, Ռուսաստանն իր ներկայիս քաղաքականությամբ և պատժամիջոցների ճնշման պայմաններում ստիպված է մեծապես կենտրոնանալ հենց եվրոպական ուղղության վրա։ Այս կենտրոնացումը, սակայն, հանգեցրել է միանգամայն պրագմատիկ հետևանքի՝ Ռուսաստանը թուլացրել է իր ներգրավվածությունն ու վերահսկողության մակարդակը այն տարածաշրջաններում, որոնք երկար տարիներ դիտարկվել են որպես Մոսկվայի ավանդական ազդեցության գոտի՝ Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելքի մի շարք տարածաշրջաններ, ինչպես նաև՝ Միջին Ասիա։

Սա բացել է դուռը այլ խաղացողների համար, իսկ դրանց շարքում ամենաակտիվն ու ամենաամբիցիոզը վերջին տասնամյակներում հենց Թուրքիան է։ Այս երկիրը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, միաժամանակ վարում է բավական յուրովի, հաճախ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ փորձելով հավասարակշռել իր հարաբերությունները Արևմուտքի, Ռուսաստանի, Չինաստանի և տարածաշրջանային այլ դերակատարների հետ։ Անկարան ձգտում է ձևավորել ինքնուրույն ուժային կենտրոնի կերպար՝ մասնավորապես իր շուրջը համախմբելով թուրքալեզու և լայն իմաստով մահմեդական աշխարհին մոտ կանգնած երկրներին։ Միջին Ասիան, Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքի մեծ մասը Թուրքիայի համար ոչ միայն պատմամշակութային, «նեոօսմանական» ու «նեոթուրքական» պատկերացումների դաշտ է, այլ՝ կոնկրետ տնտեսական և ռազմավարական միջանցքների տարածք։

Հարավային Կովկասը Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցության առանցքային թատերաբեմերից մեկն է, որտեղ Արցախյան պատերազմից հետո վերաձևավորվեց ողջ տարածաշրջանային անվտանգային ճարտարապետությունը։ Պատերազմից առաջ Ռուսաստանը երկար տարիներ պահպանել էր հարաբերական հավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ լինելով դե ֆակտո անվտանգության երաշխավորը Հայաստանի համար և միաժամանակ պահպանելով ռազմավարական կապեր Բաքվի հետ։ Արցախյան երկրորդ պատերազմի ֆոնին Թուրքիան ավելի համարձակ դարձավ Հարավային Կովկասում՝ հատկապես այն պայմաններում, որ Ռուսաստանը զբաղված էր ուկրաինական հակամարտությամբ։

Ալիևի իշխանության վրա ունեցած ազդեցությամբ, ինչպես նաև զորավարժությունների, ռազմատեխնիկական համագործակցության ու «մեկ ազգ, երկու պետություն» հռետորաբանության խորացմամբ Անկարան ամրապնդեց իր դիրքերը Ադրբեջանում՝ այն վերածելով յուրատեսակ հենակետի Կասպից ծովի ու Միջին Ասիայի ուղղությամբ թուրքական ազդեցությունը տարածելու համար։

Միաժամանակ, Թուրքիան փորձում է ակտիվացնել կապերը Վրաստանի հետ՝ ներառյալ էներգետիկ ու տրանսպորտային միջանցքների ամրապնդումը։ Այս կերպ Թուրքիան ձևավորում է արևելք-արևմուտք ուղղությամբ ձգվող մի լայն գոտի՝ Միջերկրականից մինչև Կասպից ծով, որն իր համար ունի ինչպես տնտեսական, այնպես էլ խորապես աշխարհաքաղաքական նշանակություն։ Բնական է, որ այս տարածքում Ռուսաստանի ավանդական ազդեցության պայմանական նահանջը և Թուրքիայի հավակնությունները բերում են ընդհանրական բախման դաշտի ընդլայնման։

Միջին Ասիան ու կենտրոնասիական հանրապետությունները Թուրքիայի համար ներկայացնում են միանշանակ ռազմավարական արժեք՝ որպես թուրքալեզու և մասամբ մուսուլմանական պետությունների մի ամբողջ շարք, որոնք աշխարհագրորեն գտնվում են Ռուսաստանի և Չինաստանի միջև՝ հանդիսանալով նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կարևոր հանգույցներ։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը երկար ժամանակ պահեց գրեթե մենաշնորհային դիրքեր այս հանրապետությունների անվտանգային համակարգում՝ ռազմական բազաներով, միգրացիոն քաղաքականությամբ, տեղեկատվական դաշտում գերիշխող ներկայությամբ։ Սակայն այժմ, երբ Ռուսաստանը ծանրաբեռնված է արևմտյան ուղղությամբ, Միջին Ասիան կամաց-կամաց սկսում է քայլեր ձեռնարկել ավելի բազմավեկտորություն։ Այդ տարածքում մեծանում է ոչ միայն Չինաստանի, այլև Թուրքիայի ներկայությունը՝ կրթական ծրագրերով, մշակութային ու կրոնական կապերով, ենթակառուցվածքային նախագծերով և տարբեր տնտեսական նախաձեռնություններով։

Այս երկարատև գործընթացների ֆոնին Անկարայում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի ներկայիս թուլացումը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում խիստ ժամանակավոր է։ Պատմական փորձն ու Ռուսաստանի պետական մտածողության օրնաչափությունները հուշում են, որ Մոսկվան, հենց որ որոշ չափով լուծի կամ սառեցնի իր խնդիրները եվրոպական ուղղությամբ, անպայման կփորձի վերադառնալ այն ազդեցության գոտիներ, որոնք ավանդաբար դիտել է որպես սեփական ազեդության դաշտ։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար դրանք ոչ միայն «մերձավոր արտասահման» կոչվող տարածքներ են, այլև ռազմավարական խորք, առանց որի Մոսկվան չի կարող իրեն զգալ անվտանգության մեջ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ գաղափարական առումով։

Ուստի, Թուրքիայում ստրատեգիական հաշվարկը հետևյալն է. եթե այսօր, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում և պատժամիջոցային ճնշումների տակ է, հնարավոր է առավելագույնս ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում, Միջին Ասիայում ու Մերձավոր Արևելքում, ապա վաղը, երբ Ռուսաստանը փորձի վերականգնել իր ներկայությունն այդ տարածքներում, բախումը Մոսկվայի հետ կդառնա անխուսափելի։ Այդ բախումը պարտադիր չէ, որ միանգամից լինի բաց առճակատման կամ պատերազմական բախման տեսքով, բայց քաղաքական, դիվանագիտական, էներգետիկ, տրանսպորտային, ինֆորմացիոն հարթության վրա հակադրությունը ժամանակի հարց է։ Այս հեռանկարն Անկարային ստիպում է ավելի ճկուն ու նախօրոք հաշվարկված քաղաքականություն վարել թե՛ Մոսկվայի, թե՛ Արևմուտքի նկատմամբ։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի՝ վերջին շրջանի՝ դեպի Արևմուտք որոշակի թեքվելու միտումը։ Չնայած Անկարան հաճախ խոսում է ինքնուրույն քաղաքականության մասին, չի կարող անտեսել այն փաստը, որ Թուրքիայի տնտեսական անվտանգությունն ու ֆինանսական կայունությունը մեծ առումով կախված են արևմտյան շուկաներից, ներդրումներից, տեխնոլոգիաներից և հատկապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների վիճակից։

Ելնելով վերոնշյալից՝ Թուրքիան ձգտում է ունենալ ամերիկյան ու եվրոպական ամուր թիկունք՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմատեխնիկական ու դիվանագիտական մակարդակով։ Այստեղից էլ բխում են այն հնարավոր զարգացումները, որ Անկարան իր քայլերով կփորձի մեղմել կուտակված լարվածությունը Վաշինգտոնի հետ՝ ներառյալ ընդառաջ գնալով այնպիսի սիմվոլիկ, բայց շատ կարևոր հարցերում, ինչպիսին է Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառված S-400 զենիթահրթիռային համակարգերի թեման։ Այդ համակարգերի ձեռքբերումը ժամանակին ընկալվում էր որպես Անկարայի ռազմավարական հեռացման քայլ ՆԱՏՕ-ի ստանդարտներից և Ռուսաստանի հետ ավելի խոր համագործակցության պատրաստակամությանն ուղղված ցուցիչ։ Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այդ գործարքը Թուրքիայի համար ավելի շատ խնդիրներ բերեց, քան օգուտներ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներ, լարվածություն ՆԱՏՕ-ի ներսում, կասկածներ Թուրքիայի՝ որպես դաշնակցի հուսալիության վերաբերյալ։ Այժմ Անկարան պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որ դրանք օգնեն վերագտնել ամերիկյան վստահությունը և ամրացնել Թուրքիայի տեղը արևմտյան ռազմաքաղաքական ճարտարապետության ներսում՝ որպես անփոխարինելի և առանցքային տարածաշրջանային դերակատար։ Նման զարգացումը տրամաբանական է այն տեսակետից, որ եթե Ռուսաստանը և Արևմուտքը որոշակի պահի շարժվեն դեպի պայմանական կարգավորման, ապա Մոսկվան ստիպված կլինի վերագնահատել իր առաջնահերթությունները եվրասիական տարածքում, իսկ արևմտյան ճնշումների թուլացման պարագայում ռուսական ռեսուրսներն ավելի շատ կուղղվեն դեպի ազդեցության վերականգնման փորձեր այդ նույն Հարավային Կովկասում, Միջին Ասիայում ու Մերձավոր Արևելքում։ Այդ պահին Թուրքիան, չունենալով ամուր արևմտյան աջակցություն, կգտնվի շատ ավելի խոցելի վիճակում Ռուսաստանի հետ մրցակցության դաշտում։ Հետևաբար, այժմ Թուրքիան փորձում է ժամանակ շահել՝ ամրացնելով սեփական դիրքերը տարածաշրջաններում, որտեղ փորձում է «խաղադաշտը վերաձևել» իր օգտին և միաժամանակ դառնալ ԱՄՆ-ի ու Արևմուտքի համար անփոխարինելի գործընկեր՝ այդ ամենը ամրագրելով ոչ միայն ՆԱՏՕ-ի ներսում ունեցած դերակատարությամբ, այլև որպես էներգետիկ հանգույց, տրանսպորտային միջանցքների կենտրոն, միգրացիոն ճնշումների կառավարման գործիք և, ի վերջո, որպես գործընկեր, որն ունակ է հավասարակշռելու թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, թե՛ մասամբ Չինաստանին որոշ տարածաշրջաններում։

Թուրքիայի պանթուրքական նախագծերը իրենց սուր ծայրով ուղղված են նաև Ռուսաստանի ներսում գտնվող թուրքական և մուսուլմանական հանրույթների հետ սիմվոլիկ կապեր ստեղծելուն, ինչը Մոսկվայում ընկալվում է որպես խորքային մարտահրավեր Ռուսաստանի բազմազգ կառուցվածքի կայունությանը։ Բացի այդ, Թուրքիայի ակտիվությունն Ադրբեջանի միջոցով նույնպես ազդում է Ռուսաստանի՝ որպես Հարավային Կովկասի անվտանգության հիմնական արբիտրի կերպարի վրա։ Այդ ամենը ժամանակի ընթացքում ավելի է սրում ռուս-թուրքական մրցակցությունը՝ ի հեճուկս կարճաժամկետ առևտրային ու տակտիկական համաձայնությունների։

Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանը երկար ժամանակ փորձել է հավասարակշռել Իրանի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի, Եգիպտոսի և մի շարք այլ դերակատարների շահերը։ Սակայն Ուկրաինայի պատերազմի հետևանքով նրա հնարավորությունները թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական և թե՛ ռազմական առումով կրճատվել են։ Մինչդեռ Թուրքիան, օգտվելով իր աշխարհագրական դիրքից և ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքից, փորձում է այդ տարածքներում ևս նախաձեռնող դիրքեր զբաղեցնել՝ հաճախ հանդես գալով որպես միջնորդ կամ հումանիտար կամ լոգիստիկ հանգույց։

Այս առումով, երբ Ռուսաստանը քաշվում է հետ կամ նվազեցնում իր ստանձնած պարտավորությունների ակտիվությունը, Թուրքիայի ազդեցության աճն անխուսափելի է դառնում, որովհետև տարածաշրջանի երկրները միշտ հակված են համագործակցել այն ուժի հետ, որն ունի ռեսուրս և պատրաստակամություն իրականացնելու իր խոստումները։ Եթե Մոսկվան չի կարող ապահովել այնպիսի ներգրավվածություն, ինչպիսին նախկինում, ապա պետությունները, որոնք նախկինում կողմնորոշվում էին դեպի ռուսական հովանավորություն, սկսում են ավելի ակտիվ նայել դեպի Անկարա։

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ պարզ է դառնում, որ հեռանկարային առումով Ռուսաստանի տարածաշրջանային գլխավոր մրցակիցը լինելու է ոչ թե ԱՄՆ-ը կամ Եվրոպան, այլ հենց Թուրքիան։ Սա մի իրողություն է, որը Մոսկվայում պետք է հաշվի առնեն՝ հատկապես իրենց ապագայի ռազմավարական տեսլականը գծելու տեսանկյունից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վեճ-ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա տղա է հոսպիտաացվելԱմերիկան ​​միշտ եղել է պրագմատիկ, իսկ Թրամփի Ամերիկան ​​ավելի պրագմատիկ է, քան երբևէՈվ է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից․ ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրման բացասական հետևանքները Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը ՀԱԵ-ի վրա հարձակումը կրոնական հարց չէ, այլ պատմական ուղեծրի ձևափոխում. «Փաստ»Մոլդովական սցենարով. ինչո՞ւ է Հայաստանը ԵՄ-ից օգնություն խնդրել խորհրդարանական ընտրությունների հարցումՍտեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել մեծ հանրահավաք․ պատմության այս օրը (25 դեկտեմբեր)«Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. «Փաստ»Կհավաքագրվի վարելահողերի չօգտագործվող տարածքների մասին ամբողջական տեղեկատվություն. «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԴեկտեմբերի 25-ին և 26-ին լույս չի լինելուԱշխարհաքաղաքական նոր դասավորությունը և տարածաշրջանային ամբիցիաների հատումը. «Փաստ»Ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՆերքաղաքական տարվա... զրոյական կետը. «Փաստ»«Այս իշխանությունների վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը». «Փաստ»Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ»Արգելել են մոտենալ ՔՊ–ականների տներին․ «Հրապարակ» Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ»Եկեղեցական «Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. որոշում. «Ժողովուրդ» «Մանդատ նե տակ դառագոյ»․ «Հրապարակ» Արդյո՞ք բացահայտվում են խարդախությունները. «Փաստ»ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել. Փաշինյանը խաբել է. Մաս 237. «Ժողովուրդ» Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի «օբշակին»․ «Հրապարակ» Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ»Հնդկաստանն ԱՄՆ-ից LVM3 հրթիռով ծանր հաղորդակցական արբանյակ է արձակել տիեզերքՉինաստանում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ տղան պատահաբար 280 հազար դոլար արժողությամբ թագ է կոտրելՔրեական ոստիկանները բնակարանային գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերելԶելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՄախաչևը նշել է UFC-ի պատմության լավագույն մարտիկին Ռուսաստանը քննարկում է պարարտանյութերի մատակարարման հնարավորությունը. ՕվերչուկԵրբ ստվերը հանդիպում է ուժին. «Ազիզյաններից» Մարի Պետրոսյանը՝ նոր ֆոտոշարքում Մերայա Քերին կստանա 92,000 դոլար փոխհատուցում՝ «All I Want for Christmas Is You» երգի գրագողության գործովԹրամփը Ստալոնեին ծիծաղեցրել է մրցանակաբաշխության ժամանակ Թբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Daewoo»-ն. կա տուժած Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյnւններ են տեղի ունեցել. կա 2 զnհ, 2 վիրավnր Կարևորն այն է, որ Ռուսաստանը չխաթարի խաղաղ դիվանագիտությունը. Զելենսկի Անկասկած, ես կցանկանայի, որ Մեսսին վերադառնար «Բարսելոնա». Պեդրին Արձանագրվել է թանկարժեք մետաղների գների աճՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի Երեխաների նպաստի մասին«Ձորակ» կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց, ձերբակալվել են 35 և 33 տարեկան տղամարդիկ Ի՞նչ նորություններ կան 6-ամյա երեխայի մաhվան գործով «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան 2026-ից կընդգրկվի Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվի Հայտնի է Թուրքիայում ինքնաթիռի կործանման պատճառը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ԱՄՆ-ն Լուկաշենկոյին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում, քաշի կորստի դեղամիջոց․ WSJ «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Սպասվում են եղանակային անակնկալներ. Սուրենյան
Ամենադիտված