Վիճաբանություն՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 2 անչափահասներ ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք, կզակային շրջանում ձախից տեղաշարժով բավարար» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Վաչիկ Գ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 12։30-ի սահմաններում Կարմիրգյուղ բնակավայրում Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 17-ամյա Ա․ Գ․-ն և 14-ամյա Ա․ Գ․-ն կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչպես նաև վերը նշված մարմնական վնասվածքը։ Հայտնել է նաև, որ նշված վիճաբանության ժամանակ վերջիններս հարվածներ են հասցրել նաև իր որդուն՝ 14-ամյա Ն․ Գ․-ին։